Պողոս Պողոսյանի սպանության բրիտանացի ականատեսը Հայաստանում է և պատրաստ է դատարանում կրկնել իր ցուցմունքը

Սթիվեն Նյուտոնը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 4-ը սեպտեմբերի, 2019թ․

Վրաստանի 43-ամյա քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությանը 18 տարի առաջ ականատես եղած Սթիվեն Նյուտոնը Հայաստանում է և պատրաստ է դատարանում կրկնել այն ցուցմունքը, որը 2001 թվականին դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահած դատարանը որոշեց հաշվի չառնել՝ հիմնավորմամբ, թե այն անգլերեն էր։

Գործով հիմնական վկա համարվող Մեծ Բրիտանիայի քաղաքացին, որը 2001-ին որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Կառավարման դպրոցում, ասում է՝ տեսել է, թե ինչպես է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին՝ այդ օրը սրճարան եկած Շառլ Ազնավուրին և Ռոբերտ Քոչարյանին մոտենալու և «պրիվետ, Ռոբ» ասելու համար:

Սթիվեն Նյուտոնը «Ազատության» հետ զրույցում պատմեց․ - «2001 թվականի սեպտեմբերին ես «Պապլավոկ»-ում էի մի խումբ ընկերներիս՝ երաժիշտների, արվեստագետների, քանդակագործների հետ, մենք դրսում լավ երեկո էինք անցկացնում։ Քոչարյանը եկավ իր շքախմբով։ Նրա հետ էր Ազնավուրը, և բոլորը ծափահարեցին հաճելի ծերուկին։ Նրանք նստեցին սեղանի շուրջ։ Բայց այդ երեկո ավելի վաղ այդտեղ էին երկու տղամարդիկ, ովքեր ենթադրաբար Քոչարյանին գիտեին, ինչ-որ առիթ էին նշում։ Ըստ երևույթին, նրանք մոտեցան Քոչարյանի սեղանին՝ ասելով՝ «Բարև, Ռոբ» կամ նման մի բան։ Եվ նա դրանից վիրավորվեց։ Երբ Քոչարյանը գնաց, մենք այստեղ էինք նստած՝ ներքևում, ուղիղ տղամարդկանց համար նախատեսված զուգարանի և դեպի ճանապարհ տանող աստիճանների դիմաց։ Քոչարյանին բարևող տղամարդիկ նրա հետևից գնացին ու հետո հետ եկան, նրանց թիկնապահները հետ հրեցին, հրեցին տղամարդկանց զուգարանը։ Կինս ասաց, որ նրանց կսպանեն։ Ես չէի հավատում լսածիս ու ասացի․ - «Ոչ, քանի դեռ ես այստեղ եմ»։ Ես վազեցի, մտա ներս։ Այդ Կուկու կոչվածը ատրճանակի կոթով ծեծում էր երկրորդ տղամարդուն։ Ես նրան հրեցի։ Երբ մտա ներս, երկրորդ տղամարդը՝ Պողոս Պողոսյանը, ընկած էր հատակին, նա համարյա մեռած էր, նրա գլուխն ուռած էր։ Ես բղավեցի՝ օգնություն կանչեցի։ Նրանք չգիտեին, թե ես ով եմ։ Կարծում եմ, մտածեցին, թե դեսպան եմ, քանի որ կոստյումով էի: Կինս եկավ, որ տեսնի, թե ինչ էր կատարվում ինձ հետ։ Նա մտահոգված էր։ Ես նրան ասացի, որ շտապօգնություն կանչի։ Բժիշկները շատ արագ եկան, բայց այդ տղամարդը մահացավ։ Ես աստիճաններով վեր եմ բարձրացել...»։

«Ազատություն»․ - Նրա մահը արձանագրեցի՞ն։

Նյուտոն․ - Այո՛։

«Ազատություն»․ - Դուք լսել ե՞ք դա:

Նյուտոն․ - Այո՛։

74-ամյա Սթիվեն Նյուտոնը պատմում է, որ հաջորդ օրն իսկ Հայաստանում Բրիտանիայի դեսպանը օգնել է իրեն մեկնել Ռումինիա, քանի որ իր անվտանգության հետ կապված անհանգստություններ են ունեցել: Նյուտոնը, սակայն, կնիքով հաստատված իր ցուցմունքը այդ երկրում բրիտանական հյուպատոսի ներկայությամբ ստորագրել և ուղարկել է Հայաստան: Ցուցմունքը, որի իր օրինակը Նյուտոնը մինչև հիմա պահում է, Պողոս Պողոսյանի իրավահաջորդների փաստաբան Ռուբեն Սահակյանին այդպես էլ չի հաջողվել կցել գործին: Նկատենք՝ Ռուբեն Սահակյանը այժմ Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբաններից մեկն է, իսկ այն ժամանակ ներկայացնում էր սպանված Պողոս Պողոսյանի եղբորը:

Նյուտոն․ - Հավատս չի գալիս, որովհետև նրանք հաստատ կարող էին թարգմանել դա, չէ՞ որ ես գլխավոր վկան էի։

«Ազատություն»․ - Ձեզ երբևէ հրավիրե՞լ են վկայություն տալու համար։

Նյուտոն․ - Ոչ։

Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից միայն «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը նստեց մեղադրյալի աթոռին, այն էլ Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի՝ անզգույշ սպանության հատկանիշներով, և դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման: Օտարերկրացի վկան զարմանում է, ասում է՝ իր երկրում շատ ավելի խիստ պատիժ կարող են նշանակել ինչ-որ մեկին վիրավորելու համար:

«Կուկուին կարծեմ 20 ամիս տվեցին։ Հայաստանում արդարության որևէ հույս չունեի։ Դա խենթություն է, երբ մեկը ատրճանակի կոթով ծեծում է մյուսին, ես չեմ չափազանցնում, նրա գլուխը ահավոր այտուցված էր: Դա սառնասիրտ սպանություն էր... Այդ տղաները որևէ շանս չունեին։ Նրանք լավ գինովցած էին, բայց բացարձակ անվնաս: Ինչ էլ ասած լինեին այդ տղաները, նման վերաբերմունքը չի արդարացվում», - ընդգծեց Նյուտոնը:

Բրիտանացին հիշում է՝ դեպքի օրը սրճարանում տեսել է նաև այն ժամանակվա արդարդատության նախարար Դավիթ Հարությունյանին, որը որևէ կերպ չի արձագանքել օտարերկրացու պնդումներին, որ հենց նոր սրճարանում մարդ է սպանվել ու պետք է ոստիկանություն հրավիրել:

Նյուտոն․ - Երբ ես աստիճաններով բարձրացա, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այնտեղ էր։ Նա հեռախոսով էր խոսում։ Ես ասացի՝ «այս մարդկանց բռնել տվեք»։ Նա փակեց հեռախոսը և հեռացավ։ Եվ կինս ասաց՝ «ավելի լավ է գնաս այստեղից»։

«Ազատություն»․ - Իսկ Դուք ի՞նչ արեցիք:

Նյուտոն․ - Ես գոռացի, որովհետև դեռ ջազ էին նվագում։ Բղավեցի՝ «ինչո՞ւ եք շարունակում լսել այս երաժշտությունը, այս վիժվածքները հենց նոր մարդ են սպանել»։ Երաժշտությունը դադարեց, բոլորը զարմացած էին, այնուհետև ես էլ հեռացա:

Ի դեպ, Սթիվեն Նյուտոնն ասում է՝ թավշյա հեղափոխությունից հետո՝ դեռ անցած տարի իր ցուցմունքը պարունակող նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց դեռ պատասխան չի ստացել: