Բրիտանիայի խորհրդարանում թեժ քննարկումներ են տեղի ունենում «Բրեքզիթ»-ի հարցով: Սեպտեմբերի 3-ին արձակուրդից վերադարձած պատգամավորների ընդունած առաջին որոշումը ճանապարհ է հարթում «կոշտ Բրեքզիթ»-ի դեմ օրենք ընդունելու համար: Օրինագծի շուրջ քննարկումները այսօր շարունակվելու են:
Երեկ երեկոյան վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ եթե խորհրդարանը «Բրեքզիթ»-ը նորից հետաձգելու որոշում ընդունի, ապա ինքը հանդես կգա արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ: Վճռական այս պահին Ջոնսոնի իշխող Պահպանողական կուսակցության խմբակցությունը խորհրդարանում կորցրել է մեծամասնությունը:
Հոկտեմբերի 31-ը Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու վերջնաժամկետն է: Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ եթե Եվրամիության հետ համաձայնությունների չհասնեն, ապա «Բրեքզիթ»-ը կիրականացվի առանց համաձայնության: Ընդդիմությունը դեմ է այդ տարբերակին:
Երեք տարի առաջ բրիտանացիները հանրաքվեով որոշեցին դուրս գալ Եվրամիությունից: