Վարչապետ․ Դառնացած եմ այն իրավիճակով, որով ժառանգել եմ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը

«Չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը և ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը», - այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեսպանների և դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների համաժողովին:

Վարչապետը զարմացած է, որ միջազգային շրջանակներում Աբխազիայի, Հարավային Օսիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները շատ հաճախ նույնական են ընկալվում․ - «Երբ մենք հստակ արձանագրում ենք, որ, ասենք, Հարավային Օսիայի, Աբխազիայի բնակիչները նույնիսկ այսօր կարող են հանգիստ այցելել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի և այնտեղի շուկայում վաճառել իրենց արտադրած գյուղմթերքը, գնել իրենց անհրաժեշտ ապրանքները և ետ վերադառնալ Աբխազիա կամ Հարավային Օսիա, իսկ Ռուսաստանի քաղաքացուն Բաքվի օդանավակայանից ետ են ուղարկում՝ միայն այն պատճառով, որ նա հայկական ազգանուն ունի, երբեմն սա ավելի ամբողջական պատկերացում է տալիս Ղարաբաղի հարցի էության մասին, քան նույնիսկ մի քանի ժամանոց դասախոսությունը»:

Հաջորդ՝ մոռացված կամ նենգափոխված ճշմարտությունը, ըստ Փաշինյանի, Ղարաբաղի բանակցային կողմ լինելու հարցին է վերաբերում․ - «Ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի բանակցություններում բանակցող երեք կողմ է եղել, և դա, ըստ էության, միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափն է, որ ինչպես Ադրբեջանն է դուրս եկել Խորհրդային Միության կազմից, ու դա հիմա ոչ ոք տարօրինակ չի համարում, նույնպես և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն է դուրս եկել Սովետական Ադրբեջանի կազմից, ու դա նույնպես տարօրինակ չպետք է համարվի, որ եթե Ադրբեջանի նախագահը անզիջում, ագրեսիվ հայտարարություններ է անում, ոչ մի տարօրինակ բան չի լինի նրանում, եթե նույնպիսի հայտարարություններ հնչեն նաև Հայաստանից, և այլն, և այսպես շարունակ»:

Վարչապետ Փաշինյանը նկատում է, թե 2018 թվականի թավշյա հեղափուխությունից հետո ամրագրված սկզբունքը, որ արտաքին քաղաքական շրջադարձեր չեն լինելու ամենևին չի նշանակում, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել․ - «Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շատ բան է փոխվել, և այդ փոփոխություններից առանցքայինը ավանդական խուսանավումների քաղաքականությունը փոխարինելն է սեփական հստակ դիրքորոշում ունենալու և այդ դիրքորոշումը հետևողականորեն պաշտպանելու քաղաքականությամբ: Սա, իհարկե, չի նշանակում, թե մեր կառավարությունը հրաժարվել է խուսանավելու, ճկուն լինելու գործիքակազմից: Քավ լիցի, դա անհնար է և ոչ խելամիտ: Բայց խուսանավել, առանց հստակ և սեփական երկրի ազգային շահերին համապատասխան դիրքորոշում ունենալու, նշանակում է Հայաստանը դնել հեղեղի մեջ ընկած տաշեղի կարգավիճակում, իսկ խուսանավել հստակ, հասկանալի և սեփական երկրի ռազմավարական շահերից բխող դիրքորոշումներ ունենալով՝ նշանակում է այդ հեղեղի մեջ լինել առնվազն նավակի կարգավիճակում և հնարավորություն ունենալ կառավարել սեփական ընթացքը և ինչ-որ առումով՝ նաև հեղեղը»:

Համաժողովը լրագրողների համար փակ էր, և հրապարակային էին միայն վարչապետի և արտաքին գործերի նախարարի ելույթները:

Դիվանագետներից բացի, համաժողովին մասնակցում էին նաև Պաշտպանության նախարարը և Ազգային Անվտանգության ծառայության պետը:

Զոհրաբ Մնացականյանն այսօրվա ելույթով հստակեցրեց թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքները՝ ինքնիշխանություն, համահայկականություն, փոխգործակցություն:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան

«Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը զերծ էր աշխարհաքաղաքական կողմնորոշումներից և դրա լավագույն վկայությունն է այն իրողությունը, որ Հայաստանը չկատարեց գլոբալ ուժերի հարաբերակցությունը փոփոխող արտաքին քաղաքական քայլեր և ձեռնամուխ եղավ իր հարաբերությունները բոլոր դերակատարների հետ կառուցելու ինքնիշխանության սկզբունքի հիման վրա», - համաժողովի բացման խոսքում ասաց Մնացականյանը:

«Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք», - հայտարարեց նախարարը՝ շեշտելով, որ խաղաղությունն այլընտրանք չունի, Հայաստանը և Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար։ - «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և բոլոր պայմաններում կիրառելի մարդու անօտարելի իրավունքները ենթադրում են նաև ազատ կամարտահայտում, որը ներառում է նաև Արցախում ազատ ընտրությունների իրականացումը և այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության ներկայացուցիչների գործուն ներգրավումը բանակցային գործընթացում: Եթե Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ապա պետք է նույնչափ շահագրգիռ լինի Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների հետ բանակցելու մեջ»: