Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում տեղի է ունենալու շատ կարևոր խոսակցություն․ Փաշինյան


«Տեղի է ունենալու շատ կարևոր խոսակցություն», - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց՝ երկուշաբթի երեկոյան ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

«Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու շատ կարևոր մի իրադարձություն՝ Համահայկական խաղերի բացումը, և այդ առիթով Ստեփանակերտում հավաքվելու են հայության բոլոր մասերի ներկայացուցիչները, բոլոր հատվածների ներկայացուցիչները: Եվ ես կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է՝ մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը և խոսելու մեր համազգային մարտահրավերների մասին, մեր համազգային միասնության այս բացառիկ ժամի և նրա ստեղծած հնարավորությունների մասին և այդ հնարավորությունները ճշգրիտ և արդյունավետ օգտագործելու մասին: Եվ ահա այս կապակցությամբ մտադիր եմ օգոստոսի 5-ին ժամը 19:00-ին ելույթ ունենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և սիրով հրավիրում եմ բոլորիդ՝ ներկա գտնվելու այդ օրը, որովհետև կարծում եմ, որ տեղի է ունենալու իսկապես շատ կարևոր խոսակցություն», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը Ստեփանակերտ է մեկնում՝ մասնակցելու Համահայկական խաղերի բացմանը:

Հանրահավաքում ելույթ է ունենալու նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, «Ազատությանը» տեղեկացրեց ԼՂ-ի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը․ - «Այս միջոցառումը նախօրոք պլանավորված է եղել երկու հայկական պետությունների ղեկավարների պայմանավորվածության շնորհիվ»:

Պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև եղած որոշակի խնդիրների մասին մի քանի օր առաջ խոսել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Չմանրամասնելով, թե հատկապես ինչի մասին է խոսքը՝ Գրիգորյանը պնդել էր, թե խնդիրներն այլևս անցյալում են։

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին Ղարաբաղի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի երաշխավորությանմբ կալանքից ազատ արձակելուց երկու օր հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, որոնք փորձում են թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև։ Հավելել էր՝ դրա տակ տեսնում է ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:

Արդյոք նույն հարթակին կանգնելու նպատակը ցույց տա՞լն է, որ Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների հարաբերություններում խնդիրներ չկան: Պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչը չի հերքում, որ տարաձայնություններ եղել են, բայց Բաբայանն էլ չմանրամասնեց՝ ինչ հարցերի շուրջ: - «Նորից փորփրելը ճիշտ չէ», - կարծիք հայտնեց նա, - «Կարող է ինչ-որ խնդիրներ եղած լինեն, ինչը բնական է, բայց բոլորն էլ պարտավոր են պահպանել այդ միասնականությունը՝ անկախ ամեն ինչից, և՛ պաշտոնական Երևանը, և՛ պաշտոնական Ստեփանակերտը: Որովհետև սա քմահաճույք չէ, սա անձնական խնդիրներ չեն, սա պետության, ազգի առջև կայացած կարևոր հրամայականներից մեկն է, կարևորագույն՝ պահպանել միասնականությունը: Մենք թշնամիներ չենք կարող լինենք: Եթե հայության տարբեր հատվածները թշնամանան մեկը մյուսի հետ, մեր պետությունը կործանվելու է, այս անգամ՝ երևի ընդմիշտ, իսկ դա թույլ տալ անթույլատրելի է: Այս պահի դրությամբ, նորից որպեսզի շահարկումների չենթարկենք, որևէ խնդիր չկա, չի կարող լինել երկու հայկական պետությունների միջև, չի՛ կարող լինել: Հետևաբար, ամեն ինչ նորմալ է, խնդիր չկա, և նորից փորփրել, խոսել՝ ճիշտ չէ»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ողջունում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համազգային միասնության օրակարգով հավաք անցկացնելու Փաշինյանի նախաձեռնությունը։ Կարծում է՝ սա երկրորդ կարևոր ձեռնարկն է՝ մարտին Ստեփականերտում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո:

«Երևանը շարունակում է հավատարիմ մնալ Արցախի անվտանգության և կայունության երաշխավոր լինելու իր սուրբ և առաջնային պարտականության վրա և ես կարծում եմ, որ ելույթի հիմնական շեշտադրումն ու բովանդակությունը պիտի լինի հենց սա: Իսկապես լավ հնարավորություն է վեր կանգնել այդ բոլոր՝ շատ փոքր հարցերից, որովհետև ո՛չ Քոչարյանը, ո՛չ Հայաստանի իշխանությունը, ո՛չ Հանրապետականը չեն կարող ավելի կարևոր օրակարգ լինել, քան Արցախն է և Արցախի հիմնահարցը: Եվ վարչապետի այս նախաձեռնությունը խոսում է այն մասին, որ կա այդ գիտակցումը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Արման Բաբաջանյանը:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, վարչապետն իր հայտարարությամբ կարող է չեզոքացնել բոլոր նրանց ջանքերը, ովքեր առիթը բաց չեն թողնում Երևանի ու Ստեփանակերտի միջև լարումը օգտագործելով՝ ավելի ու ավելի խորացնել անջրպետը․ - «Այստեղ շատ կարևոր է, որպեսզի վարչապետը ձեռնպահ մնա հեղափոխությունը արտահանելու, հեղափոխությունը Արցախ տեղափոխելու որևէ օրակարգից, ինչպես որ եղել է վերջին ժամանակահատվածում՝ Երևանը մշտապես խուսափել է այդպիսի հնարավորությունից, թեև շատ ուժեր ամեն ինչ արել են, որպեսզի այդպիսի իրադարձություններ տեղ գտնեն: Եվ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, և թե՛ նրան երկրորդող հանրապետականները, ովքեր ամեն վայրկյան սպասել են այդպիսի զարգացումներ և ամեն ինչ չեն խնայել, որպեսզի Արցախը դարձնեն հակահեղափոխական որջ, ես հույս ունեմ, որ հենց այպիսի միասնականությամբ, Երևանի և Ստեփանակերտի այսպիսի ձեռնարկումով վերջ կդրվեն այդպիսի խոսակցություններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG