Նավալնին ազատ է արձակվել

Ռուսաստան - Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս է գալիս ազատազրկման վայրից, Մոսկվա, 23-ը օգոստոսի, 2019թ․

30-օրյա կալանքից հետո այսօր առավոտյան ազատ արձակվեց ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին:

Քաղաքական գործիչը այս տարվա ընթացքում հերթական վարչական կալանքի էր ենթարկվել հանրային միջոցառման անցկացման կարգը խախտելու մեղադրանքով:

Հուլիսի 28-ին առավոտյան Ալեքսեյ Նավալնին բանտից հոսպիտալացվել էր, ըստ պաշտոնական վարկածի՝ եղնջացան ախտորոշմամբ: Ընդդիմադիր գործիչը պնդում է, որ երբեք որևէ ալերգիա չի ունեցել, միևնույն ժամանակ, հակված չէ այն կարծիքին, թե ոստիկանները կարող էին թունավորել իրեն մեկուսարանում, բայց և չի բացառել, որ դա կարող էր անել կողմնակի անձ: Քաղաքական գործչի անձնական բժիշկ Անաստասիա Վասիլևան կարծիք էր հայտնել, թե մեկուսարանում կարող էր «քիմիական նյութ» լինել, որն էլ ալերգիկ դրսևորումների պատճառ է դարձել: