«Էլարդ»-ի եզրակացությունը ուղարկվում է Շրջակա միջավայրի նախարարություն․ վարչապետ

«Լիդիան»-ի կառույցները Ամուլսարում, արխիվ

Կառավարության պատվերով Ամուլսարում համալիր փորձաքննություն իրականացրած «Էլարդ» (Advanced Resources Development (ELARD) ընկերության եզրակացությունը Կառավարության աշխատակազմն այսօր ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն, Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի փոխանցմամբ, նախարարությանը հանձնարարվել է պարզել՝ «արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»:

Ավելի վաղ նույն սոցիալական ցանցում վարչապետը հայտնել էր, որ այսօր խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի հարցով, որին մասնակցել է նաև «Լիդիան» ընկերության ներկայացուցիչը: «Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները», - գրել էր վարչապետը՝ ամփոփելով․ - «Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա»:

Ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար: Հանք տանող ճանապարհն արդեն մեկ տարուց ավելի է՝ փակ է․ այն շրջափակել ու տարածքում հերթապահում են Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները:

Երկուշաբթի օրը բնապահպանները և Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչները հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի Բաղրամյան պողոտայում: Երբ ցուցարարները փորձում էին փակել Բաղրամյան պողոտան, իրավապահները ուժ կիրառեցին՝ վերականգնելով երթևեկությունը, և բերման ենթարկեցին ցուցարարներից 6-ին:

Նույն օրը երեկոյան վարչապետը հայտարարեց, որ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը: