Հուլիսից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության սեփականատերը դարձած վրացի գործարար Կիբար Խալվաշին հրաժարվել է լրատվամիջոցը վաճառելու մտադրությունից: Անցած շաբաթ նա հայտարարել էր, թե ցանկանում է վաճառել երկրի ամենաբարձր վարկանիշն ունեցող ընդդիմադիր լրատվամիջոցներից համարվող «Ռուսթավի 2»-ը, սակայն ոչ ոք այն գնելու ցանկություն չի հայտնել:
«Այժմ ես պետք է ընտրեմ՝ կա՛մ սկսում են սնանկացման գործընթաց, կա՛մ փորձում եմ փրկել ընկերությունը: Ես որոշել եմ, որ «Ռուսթավի 2»-ը չի սնանկանա, ինչի համար կօգտագործեմ իմ ռեսուրսներն ու հնարավորությունները», - հայտարարել է Վրաստանի իշխող վարչակազմի հետ սերտ կապեր ունեցող գործարարը` համոզմունք հայտնելով, որ առաջիկայում լրատվամիջոցը կդառնա «անկախ՝ ինչպես ֆինանսապես, այնպես էլ քաղաքականապես»:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության նոր սեփականատիրոջ հայտնությունը Վրաստանում մտահոգությունների տեղիք է տվել: Ոչ իշխանական շրջանակները պնդում են, որ իշխանությունները Խալվաշիի միջոցով փորձում են լռեցնել կառավարության նկատմամբ կոշտ դիրքորոշում ունեցող հեռուստաընկերությունը: