Մատչելիության հղումներ

Եվրադատարանի անսպասելի վճիռը․ «Ռուսթավի 2»-ի սեփականատերը փոխվում է


Վրաստան - «Ռուսթավի 2»-ի աշխատակազմը, Թբիլիսի, 18-ը հուլիսի, 2019թ․
Վրաստան - «Ռուսթավի 2»-ի աշխատակազմը, Թբիլիսի, 18-ը հուլիսի, 2019թ․

Վրաստանի ամենահայտնի, ամենալայն լսարանն ունեցող «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ իրադարձությունները մի օրվա ընթացքում սրընթաց զարգացան:

Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց տարիներ ձգձգվող գործով վճիռը, և այդ վճիռը ենթադրում է հեռուստաընկերության ներկայիս ղեկավարների փոփոխություն:

Հեռուստաընկերության ներկայիս սեփականատերերը՝ Լևան և Գիորգի Կարամանաշվիլի եղբայրները, համարվում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մոտ կանգնած մարդիկ, իսկ «Ռուսթավի 2»-ը՝ ներկայիս իշխանություններին խստորեն քննադատող լրատվամիջոց:

Տարիներ առաջ գործարար Կիբար Խալվաշին դիմել էր դատարան՝ պնդելով, որ 2006 թվականին Սաակաշվիլիի ռեժիմի ճնշման տակ ստիպված չնչին գներով վաճառել է «Ռուսթավի 2»-ի բաժնետոմսերը, և պահանջել էր իրեն վերադարձնել հեռուստաընկերությունը:

Վրաստանի տարբեր ատյանների դատարաններ նրա հայցը բավարարել էին, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու տարի առաջ Խալվաշիի հայցը կասեցրել էր: Երեկ՝ հուլիսի 18-ին Ստրասբուրգի դատարանը անսպասելի վճիռ ընդունեց հօգուտ Խալվաշիի:

«Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ Եվրադատարանի որոշումը ցնցող է և անհավատալի: Նա ասել է, թե չեն պատրաստվում հեռուստաընկերությունը զիջել օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին, որի պահանջով Խալվաշին հիշել է, որ նախկինում «Ռուսթավի 2»-ը իրեն էր պատկանում:

Սակայն Եվրադատարանի վճռի հրապարակումից մի քանի ժամ անց Կիբար Խալվաշին արդեն դիմել է Վրաստանի պետական ռեեստր «Ռուսթավի 2»-ի սեփականատիրոջ փոփոխության հայցով: Նրա փաստաբան Պաատա Սալիան, ում Խալվաշին պատրաստվում էր հեռուստաընկերության նոր գործադիր տնօրեն նշանակել, լրագրողներին ասել է, թե համոզված է՝ Վրաստանի դատարանների, Եվրոպականդատարանի որոշումները հիմք կընդունվեն, և Խալվաշին կդառնա «Ռուսթավի 2»-ի սեփականատերը:

«Ռուսթավի 2»-ի փաստաբանը ասել է, թե իրավունք ունեն երեք ամսվա ընթացքում Եվրոպական դատարանի Մեծ պալատին բողոքարկել ընդունված որոշումը, և մինչ այդ ժամկետի լրանալը անօրինական կլինի հեռուստաընկերության վերագրանցումը Խալվաշիի անունով:

Սակայն Վրաստանի պետական ռեեստրը արագորեն վերագրանցեց «Ռուսթավի 2» հեռուստաընկերության սեփականատիրոջ: Հեռուստաընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը հիմա պատկանում է Կիբար Խալվաշիին՝ 60 տոկոսը՝ նրան, 40 տոկոսը՝ հենց նրա «Պանորամա» ընկերությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG