Մատչելիության հղումներ

«Ռուսթավի-2»-ի նոր սեփականատերը որոշել է վաճառել հեռուստաընկերությունը


Վրաստանի ամենաբարձր վարկանիշն ունեցող «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստաընկերության նոր սեփականատերը որոշել է վաճառել լրատվամիջոցը: Այս մասին հայտնում է «Ազատության» վրացական ծառայությունը:

Վրաստանի իշխող վարչակազմի հետ սերտ կապեր ունեցող վրաց գործարար Կիբար Խալվաշին, ով այժմ հեռուստաընկերության հարյուր տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է, ընդամենը երեք շաբաթ սեփականությունը տնօրինելուց հետո հայտարարել է, թե չունի բավարար միջոցներ հեռուստաընկերությունը խորը ճգնաժամից դուրս բերելու համար:

«Հարցը պատրաստ եմ քննարկել ցանկացած շահագրգիռ անձի հետ, ով կցանկանա գնել «Ռուսթավի-2»-ը և կօգնի հեռուստաընկերությանը դուրս գալ ճգնաժամից ու դառնալ հաջողակ ընկերություն», - իր գրավոր հայտարարության մեջ պարզաբանում է գործարարը և ընդգծում, որ միակ մարդը, ում հետ մտադիր չէ քննարկել լրատվամիջոցի վաճառքը, «Ռուսթավի-2»-ի ոչ պաշտոնական սեփականատեր և ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին է:

Խալվաշիի այս հայտարարությունը հնչում է հեռուստաընկերության շուրջ ամիսներ շարունակվող սրընթաց զարգացումների ֆոնին: Վրաստանի թերևս ամենաազդեցիկ այս լրատվամիջոցը հայտնի է իշխանությունների հասցեին իր կոշտ քննադատությամբ:

«Ռուսթավի-2»-ի ոճը Վրաստանում շատերին է զայրացրել և անթաքույց եղել է ընդդիմության քարոզչամեքենան: Այս հեռուստաընկերությունը հաճախ համեմատում են «Իմեդի»-ի հետ, որի սեփականատերը՝ մեծահարուստ գործարար և քաղաքական հավակնություններ ունեցող Բադրի Պատարկացաշվիլին 2004-2008 թվականներին այն օգտագործում էր որպես քաղաքական գործիք իշխանության հասնելու ճանապարհին:

Վրացական ներկայիս իշխանությունների կարծիքով, «Ռուսթավի 2»-ը ծառայում է բացառապես նախկին նախագահ Սաակաշվիլիի շահերին և նրա քաղաքական ախորժակին հագուրդ տալու համար հաճախ դիմում է ընդունված ու անընդունելի մանիպուլյացիների:

Հենց այս մեղադրանքներին զուգահեռ էլ ծագեց վեճ` ո՞ւմ է պատկանում լրատվամիջոցը: Անցած ամիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ի վերջո պատասխանեց այդ հարցին՝ հեռուստաընկերության բաժնետոմսերի 60 տոկոսը պատկանում է գործարար Կիբար Խալվաշիին, ով հեռուստաընկերության սեփականատերն էր 2004-2006 թվականներին:

Այս որոշումը Վրաստանում համարում են երկրի փաստացի առաջնորդ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավոր հաղթանակներից մեկը: ՄԻԵԴ-ի այդ որոշման հետևանքները կանխատեսելով՝ մի շարք միջազգային կազմակերպություններ շտապեցին զգուշացնել, որ իշխանությունների նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ հայտնի լրատվամիջոցի անկախությունը պետք է պաշտպանվի:

«Վրաստանում մեծամասնություն են կազմում իշխանամետ հեռուստաալիքները, «Ռուսթավի-2»-ը բացառություն է», - հայտարարել էր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ հորդորելով երաշխավորել հեռուստաընկերության խմբագրական ու տնտեսական անկախությունը:

Գործարար Կիբար Խալվաշիի գլխավորած թիմը, սակայն, առաջին իսկ րոպեներից անցավ զտումների՝ պաշտոնանկ անելով լրատվամիջոցի ղեկավար Նիկա Գվարամիային: Սաակաշվիլիիի մերձավոր դաշնակիցը, ով տարիներ առաջ զբաղեցնում էր գլխավոր դատախազի պաշտոնը, հայտարարեց «նոր, ավելի ազդեցիկ» հեռուստաընկերություն հիմնելու մտադրության մասին, ինչին հաջորդեց նրա նկատմամբ քրեական հետապնդումը: Գվարամիային մեղադրանք առաջադրվեց «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» հոդվածով: Իրավապահները պնդում են, որ հեռուստաընկերությունում տեղի ունեցած ֆինանսական մեքենայությունների պատճառով լրատվամիջոցը չի ստացել ավելի քան երկու միլիոն եվրո: «Ռուսթավի-2»-ի նախկին ղեկավարը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները:

Ֆինանսական աղետալի վիճակում հայտնված լրատվամիջոցը վաճառելու մտադրությունը վրաց փորձագետ Գիա Խուխաշվիլին «Ինտերպրեսնյուս»-ի հետ զրույցում ծիծաղելի է որակել. - «Պատկերացրեք դուք ունեք կով, որը ձեր խոսքերով սիբիրախտով է տառապում, բայց ցանկանում եք վաճառել հազար լարիով: Ինչ որ մեկն այն կգնի՞»:

Քաղաքագետ Վախթանգ Ձաբիրաձեն կարծում է, որ իշխանությունն արդեն ունի հեռուստաընկերության գնորդի թեկնածու․ - «Դա կլինի կողմնակի անձ, սակայն անկասկած իշխանության հետ կապեր ունեցող»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG