Ցանկացած լուծում քաղաքական տարր է պարունակում․ Արդարադատության նախարարը՝ աղմկահարույց նախագծի մասին

«Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային կարգը տարբեր երկրներում ընդունված է և արդեն իսկ կիրառվել է», - լրագրողների հետ ճեպազրույցում այսօր վերահաստատեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով իր ղեկավարած գերատեսչության հեղինակած աղմկահարույց նախագծին:

«Ընդունված միջոց է անցումային շրջանների համար, և մենք նախատեսել ենք այդ միջոցը նախագծով: Սպասում ենք կառուցողական առաջարկների», - նշեց նախարարը՝ շարունակելով․ - «Ցանկացած լուծում իր մեջ որոշակի քաղաքական տարր է պարունակում: Դա չի նշանակում կուսակցական, դա նշանակում է քաղաքական որոշում, որը, բնականաբար, չի կարող դուրս գալի իրավական պետության սկզբունքների շրջանակներից և դուրս չի գալիս»:

Արդարադատության նախարարությունը օրերս շրջանառության մեջ է դրել Սահմանդրական դատարանի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որի եզրափակիչ և անցումային դրույթն է թեժ բանավեճի առարկա դարձել մասնագետների շրջանում: Ըստ այդ դրույթի, եթե մինչև այս տարվա հոկտեմբերի 31-ը ՍԴ դատավորները հրաժարական տան, մինչև պաշտոնավարման ավարտը կշարունակեն ստանալ աշխատավարձը, հավելավճարները, կպահպանվեն սոցիալական երաշխիքները:

Իշխանության ընդդիմախոսերը այս նախագիծը որակում են գործարք, առևտուր, կաշառք նախկին իշխանության օրոք ձեւավորված ՍԴ կազմին՝ հրաժարականի դիմաց: Նախարարն ասաց, թե չի լսել նման որակումներ՝ կրկնելով, որ սպասում են կառուցողական առաջարկների․ - «Ես նման դիտարկումներ չեմ լսել: Վաղ կենսաթոշակի սխեմա է առաջարկվում, որը կիրառվել է շատ տարբեր երկրներում»:

Նախագիծը քննադատել են փաստաբաններ, խորհրդարանական ընդդիմության առանձին պատգամավորներ: Նախօրեին «Ազատության» հետ հարցազրույցում «ոչ բարոյական» որակեց նախագծի ուղիղ հասցեատեր ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ ասելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ և մինչև իր պաշտոնավարման ժամկետի լրանալը չաշխատելով ստանալ անաշխատ գումար:

«Առհասարակ թե՛ կենսաթոշակները, թե՛ աշխատավարձերը կառավարությունը բազմիցս ասել է, որ պետք է բարձրացման միտում ունենան, ոչ թե նվազեցման: Այսինքն, ես չեմ ընդունում էդ տարբերակը: Ամեն անգամ կարելի է ասել՝ այ, ինչո՞ւ էստեղ կառավարությունը փող է ծախսում, ուրիշ տեղ փող է ծախսում: Պատահական չի, որ կամավորության հիմքով է, հաշվի ենք առել նաև ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումը, որ վաղ կենսաթոշակի անցնելու առումով կարևորվում է կամավո՞ր է, թե՞ պարտադիր», - նշեց Բադասյանը:

Նախարարը, նախագծի հասցեատեր ՍԴ անդամի ձեւակերպումներից էլ տեղյակ չէր:

ՍԴ կազմում առկա ճգնաժամի մասին դեռևս երկու ամիս առաջ հայտարարել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը և լուծումներ առաջարկել, որոնցից մեկն էլ հենց սոցիալական երաշխիքներով ՍԴ անդամների հրաժարականն է: Խոսքը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ևս 6 անդամի հրաժարականի մասին է: Վահե Գրիգորյնաը հիմնավորել էր, թե նրանք դատավորի կարգավիճակ չունեն, լիազորված չեն որոշում ընդունել, և այս առումով լեգիտիմության խնդիր կա բարձր դատարանի կազմում:

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը չի ընդունում, որ ՍԴ-ում ճգնաժամա կա: Իսկ դատավորների հրաժարականի դիմաց փոխհատուցման դրույթում Ղազարյանը խնդիր չի տեսնում․ այո, գործարք է, բայց դա իրավաբանության մեջ ընդունված է:

«Չեմ համարում դա կաշառք: Դա գործարք է ըստ էության: Գործարքի ինստիտուտը իրավաբանության մեջ կա: Դա մեղքի ընդունման ինստիտուտն է, քրեական դատավարությունում 2007 թվականին ամրագրվեց: Մեր համար տարօրինակ էր ընդհանրապես այդ մեղքի ընդունման ինստիտուտը, բայց դա ամրագրվեց և բավականին լավ գործում է: Ասենք, դատախազն առաջարկում է մեղադրյալին ընդունել իր մեղքը և դրա փոխարեն առաջարկում է արագ դատաքննություն: Հիմա մենք այստեղ տեսնում ենք, որ գործարք են առաջարկում Սահմանադրական դատարանի դատավորներին: Հարցը եթե իրավական դաշտում դիտենք, ոչ թե բարոյական, իրավական դաշտում դա խրախուսական միջոց է: Բայց ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ նպատակով: Եթե նպատակը այն է, որ Սահմանադրական դատարանի դատավորները հեռանան, որովհետև ճգնաժամ է Սահմանադրական դատարանում, ես ճգնաժամ չեմ տեսնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արա Ղազարյանը:

Նրա մեկնաբանմամբ՝ այս դրույթի շուրջ աղմուկը Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ իշխանության կանխակալ վերաբերմունքով է պայմանավորված․ - «Քաղաքական գործիչները ճգնաժամ են համարում, այն էլ՝ քաղաքական մեծամասնությունը միայն, ինձ թվում է՝ զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Եթե դա է նպատակը այդ գործարքը առաջարկելու, ես գտնում եմ, որ դա օբյեկտիվ անհրաժեշտությունից չի բխում: Քաղաքական նպատակահարմարությունը դա դեռ օբյեկտիվ անհրաժեշտություն չէ: Ես գտնում եմ, որ այս գործարքը կարող է աշխատել, մեկ-երկու հոգի դուրս գան, բայց ընդհանրապես օբյեկտիվ նպատակ չի․․․ Եթե չկա հարկադրանք, նշանակում է չկա որևէ խնդիր, բայց գործադիրը բոլոր դեպքերում պետք է շարունակի զսպվածություն ցուցաբերել, ինչպես վերջին, ասենք, մի քսան օրը»:

Նախագծի հանրային քննարկման վերջնաժամկետը օգոստոսի 26-ն է, որից հետո քննարկումները կշարունակվեն խորհրդարանում: