Մատչելիության հղումներ

Պետք են հեղափոխության արժեհամակարգին ու օրակարգին համապատասխան փոփոխություններ. Սուրեն Սահակյան


ՔՈ գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյան, արխիվ
ՔՈ գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյան, արխիվ

Չի կարելի սահմանադրական փոփոխություններով, օրինակ, սփյուռքահայերին կառավարման համակարգում ներգրավվելու հնարավորություն տալ և ասել, որ Սահմանադրությունը բարեփոխվել է ասում է արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը՝ արձագանքելով արդարդատության նախարարի հայտարարությանը, թե սահմանադրական բարեփոխումների նպատակով փետրվարին հատուկ խումբ ձևավորելու որոշում կա:

Պետք են հեղափոխության արժեհամակարգին ու օրակարգին համապատասխան փոփոխություններ, նկատում է Սահակյանը:

«Դրանք հանրային հարաբերություններն են արդարադատության ոլորտում, թե ինչպիսին ենք ուզում տեսնել արդարադատության ոլորտը, դրանք հարաբերություններն են, որոնք պետք է կարգավորեն նախկին թալանած միջոցների հետ վերադարձի և այդուհետ այդ մարդկանց հետ հարաբերությունները, հանրություն, կոռուպցիոն քաղաքական համակարգ։ Դրանք հարաբերություններն են ընտրողների և ընտրվողների միջև, էդ շրջանակներում պետք է փոխենք կուսակցությունների մասին և Ընտրական օրենսգիրքը, սահմանադրական օրենքները և հետկանչի մեխանիզմների ներդնում ու հանրաքվեների մեխանիզմների պարզեցում։ Դրանք հողափոխական օրակարգեր էին, մեզ թվում է, որոնք պետք է փոխվեին, եթե կհամարձակվեինք էս փոփոխությունները, էս գործընթացը անվանել հեղափոխական», - նշեց Սահակյանը։

Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին աշխատանքային խմբի կազմի ու փոփոխությունների բովանդակության մասին ավելի մանրամասն կխոսեն արդեն «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթի հանրային քննարկման ժամանակ:

2020 թվականին սահմանադրական բարեփոխումների նպատակով աշխատանքային խումբ կազմավորելու մասին նախարարը հայտարարել էր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի եթերում։

Ժողովուրդը պիտի գրի Սահմանադրությունը. Լևոն Բարսեղյան

Սահմանադրական փոփոխությունների կարիքը կա, բայց դա պետք է լինի հանրության կամքով, ոչ թե իշխանության, գծածով ասում է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

«Իշխանության թևերը պիտի իրար հակակշռեն և փոխզսպեն իսկապես։ Սուպերվարչապետական, սուպերնախագահական համակարգերը պիտի վերացվեն, պիտի լինի իշխանության թևերի պատշաճ տարանջատում, փոխադարձ զսպում, որպեսզի որևէ իշխանության բռնազավթման նոր շանս որևէ մեկին չտրվի երբևէ։ Կապ չունի, որ այս իշխանությունը մեծամասամբ վայելում է հանրության համակրանքը և ուղիղ ընտրված է ժողովրդից, ընդհանրապես խոսքս վերաբերում է իշխանության զավթումը կամ վերազավթումը բացառելու վարդապետությունը, եթե կարելի է այդպես ասել։ Սա գլխավոր սկզբունքը պիտի լինի», - նշեց Բարսեղյանը։

Սահմանադրական փոփոխությունների հավանականությունը «Ազատությանը» տված հարցազրույցում չէր բացառել վարչապետը «Սահմանադրական դատարանի հարցը լուծելու համատեքստում»:

Իսկ դատարանում առկա ճգնաժամի մասը առաջինը խոսել էր Սահմանադրական դատարանի (ՍԴ) նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը՝ իր ընտրության օրը Ազգային ժողովի ամբիոնից՝ հայտարարելով, թե ճգնաժամը պայմանավորված դատարանի գործող կազմով։ Որոշումները, ըստ Սահմանադրության, ընդունում են դատավորները՝ որոշ դեպքերում հինգ, որոշ դեպքերում՝ վեց դատավորի քվեով: Մինչդեռ 9 հոգանոց ՍԴ-ի կազմից յոթը անդամի կարգավիճակ ունեն, ուստի որոշում կայացնելու լիազորություն չունեն:

Լևոն Բարսեղյանը ասում է՝ անհրաժեշտ են խորքային և ոչ հատվածական փոփոխություններ. «Օպերատիվ և խորքային բարեփոխումներ, այլապես դեպքից դեպք կամ պատեհությամբ այդ փոփոխություններին ձեռնամուխ լինելը դանդաղեցնելու է Հայաստանի զարգացման ընթացքը։ Չեմ բացառում, որ ահա այս սահմանադրական ճգնաժամը զգալ տվեց իշխանությունը և Փաշինյանին՝ վարչապետին և իր կաբինետին, որ իսկապես հարկավոր են այդ սահմանադրական փոփոխություններն անել, բայց ես համարում եմ, թե իշխանությունը չպետք է անի դա, պիտի ժողովուրդն անի, իշխանությունը ընդամենը պիտի կարգավորի այդ պրոցեսները առանց որևէ ռիսկի, որ էդ Սահմանադրությունը հանկարծ կարվի այս իշխանության հավերժացման համար։ Ես չեմ կարծում, թե իշխանությունը նման մտադրություն ունի, բայց այնուամենայնիվ համարում եմ, որ դա ժողովրդով պիտի արվի։ Եթե կուզեք շատ ընդհանուր ձևակերպեմ, որը բառացիորեն չարժե հասկանալ՝ ժողովուրդը պիտի գրի Սահմանադրությունը»։

Գործող Սահմանադրությունը 2015 թվականի հանրաքվեով է ընդունվել: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հեղինակած Սահմանադրությունը դեռ այն ժամանակ ընդդիմադիրները համարում էին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման համար գրված փաստաթուղթ:

Նախարարի հայտարարած աշխատանքային խմբի մասին մեկնաբանություններ տալ չցանկացան խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ Ասում են՝ կմեկնաբանեն միայն այն բանից հետո, երբ հստակ լինի՝ ինչ խումբ է, ինչով է զբաղվելու և ինչ փոփոխություններ են արվելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG