«Ազատության» հետ զրույցում Իոաննիսյանը ասաց, թե
ակցիայի մասնակիցներից մեկը սպանության սպառնալիքի մասին հայտարարություն է արել՝ տեսախցիկների առջև ցույց տալով դանակը: Իոաննիսյանը նաև նշեց, որ քրեական գործ հարուցելու հիմքերը կան՝ ապօրինի զենք կրելու և սպանության սպառնալիքի հոդվածներով․ - «Ակնհայտ է, որ այդ անձը սպառնում է սպանություն գործել, նաև դանակն է հանում՝ ցույց տալու համար, որ սպառնալիքը իրական է: Ակնկալում ենք, որ երկու հոդվածներով էլ քրեական գործ կհարուցվի և այդ անձը պատասխանատվության կկանչվի»:
Անցած շաբաթ Խորհրդարանի ամբիոնից տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին հետևեց Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի աղմկահարույց արձագանքը, այնուհետև Եվրամիության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դատապարտող հայտարարությունները:
Հայաստանի արտգործնախարարությունը, անդրադառնալով միջազգային գործընկերների հայտարարություններում միջազգային պարտավորությունների կատարման անդրադարձին, նշել է, որ ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին, դրա ապացույցը ըստ հայտարարության, Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունն է:
Հայաստանի արտգործնախարարությունն ի պատասխան հայտարարել է, որ երկրի կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։
«Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։ Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։ Իրենց հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները», - ասված է ԱԳՆ խոսնակի հայտարարությունում:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե, ցավոք, անգամ նոր կառավարության օրոք հերթական անգամ առնչվում ենք մի իրավիճակի հետ, երբ Ազգային անվտանգության ծառայությունն արագ հայտնաբերում է կեղծ օգտատիրոջը, որովհետև կար վարչապետի հրահանը, բայց աչքաթող անում նրանց, ովքեր տեսախցիկների առաջ սպանության բացահայտ սպառնալիք են հնչեցնում․ - «Պետք էր Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները անհապաղ տարածված այդ ատելության, կյանքին սպառնացող, վտանգավոր հայտարարությունների, մտադրությունների նաև հիման վրա քրեական գործ հարուցեին: Բառացիորեն մի քանի օր առաջ Ազգային անվտանգության ծառայության պետը հայտարարեց, որ կեղծ օգտատիրոջը ձերբակալել են, հայտնաբերել են, որը հենց նույն ատելության, սպառնալիքի, թշնամանքի կոչեր էր տարածել, և հենց այդ հիմքով էր քրեական գործ հարուցվել: Եվ այստեղ շատ տարօրինակ է ընտրողական մոտեցումը, որ մի դեպքում, երբ որ ֆեյք օգտատիրոջը հայտնաբերում են, իսկ մյուս դեպքում ոչ թե ֆեյք օգտատեր են, այլ հրապարակավ հանդես եկող մարդիկ, որոնք թույլ են տալիս իրենց անպատիժ նման հայտարարություններ կատարել, ընդհուպ մինչև խաղաղ հավաքի ժամանակ ունենալ ձեռքին սառը զենք, որը կարող է օգտագործվել որպես հանցագործության գործիք»:
Տեսախցիկների առջև բռնության կոչ արած ու դանակ ցույց տված քաղաքացու հայտարարությունը ոստիկանությունն ուսումնասիրում է՝ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ նյութեր են նախապատրաստվում նաև սոցցանցերում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին ուղղված սպառնալիքների ևս երկու հայտարարություններով: