Մատչելիության հղումներ

Պետությունը պետք է հարգի յուրաքանչյուրի իրավունքը՝ անկախ անհատի որևէ հատկանիշից. իրավապաշտպան


12 հասարակական կազմակերպություններ խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի արձագանքը տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին գնահատում են որպես խտրական և մարդու արժանապատվությունը նվաստացնող՝ կոչ անելով Ազգային ժողովի նախագահին ու պատգամավորներին դատապարտել «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության անդամի ելույթը։

Այսօր տարածած հայտարարությունում իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են նաև հրավիրել Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով և քննել միջադեպը, ինչպես նաև վերանայել Նաիրա Զոհրաբյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու նպատակահարմարությունը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունց, արխիվ
Իրավապաշտպան Արթուր Սաքունց, արխիվ

Հայտարարությանը միացած իրավապաշտպան Արթուր Սաքունցը դատապարտում է երեկ խորհրդարանում տեղի ունեցածը։

«Պետությունը հստակ վերցրել է պարտավորություններ՝ թե՛ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային պայմանագրերով, որոնց միացել է, վավերացրել է, որ պետք է հարգի յուրաքանչյուրի իրավունքը, և յուրաքանչյուրի մարդկային արժանապատվությունը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն, բոլոր իրավունքները պետք է ապահովվի՝ անկախ անհատի որևէ հատկանիշից, և սա աքսիոմա է, որը ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սա սկզբունք է, որը արտացոլված է և արձանագրված է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայով, սա սկզբունք է, որը հաստատված է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրով», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սաքունցը։

Երեկ խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր պարբերական դիտարկման վերաբերյալ քննարկում։ Ամբիոնից ելույթ էր ունեցել տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։ Նա ահազանգել էր իրենց իրավունքների խախտումների մասին։

«Հանդիսանալով հայ տրանսգենդեր անձանց համայնքի անդամ և «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ՝ ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, մահափորձի ենթարկված, սպանված, արտագաղթած, թալանված, սոցիալական, առողջապահական, իրավական, տնտեսական և արժանապատիվ կյանքի բոլոր այլ ոլորտներում խարանի ու խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյապես լքված հայ տրանսգենդերի կերպարը», - հայտարարել էր Մարտիրոսյանը։

Այս ելույթին հաջորդել էր Նաիրա Զոհրաբյանի խոսքը։ Պատգամավորը հայտարարել էր, որ Լիլիթ Մարտիրոսյանը իր ելույթով խախտել է օրակարգը։

«Մենք ունեինք այսօր երեք թեմա քննարկելու՝ դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամների խնդիրներ և երեխաների խնդիրներ, և օգտվել առիթից և փորձել այս ամբիոնից բարձրացնել հարց, որը այս պահին չկա մեր օրակարգում, ես համարում եմ անհարգալից վերաբերմունք առաջին հերթին իմ հանդեպ՝ որպես հանձնաժողովի նախագահ, երկրորդ հերթին՝ անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ», - ասել էր Զոհրաբյանը։

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, արխիվ
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, արխիվ

Այսօր «Ազատության» հետ զրույցում Զոհրաբյանն ասաց՝ ինչ արել է, ճիշտ է արել, իր բողոքը օրակարգի խախտման հետ էր կապված միայն։

«Ինչ որ արել եմ, ճիշտ եմ արել, ես ուղղակիորեն պահել եմ կանոնակարգը և արձանագրել եմ, որ ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ խմբեր, ինչ-որ խավեր փորձեն խորհրդարանը օգտագործեն էպատաժներ անելու համար», - ընդգծեց ԱԺ հանձնաժողովի նախագահը։

Մինչդեռ իրավապաշտպան Արթուր Սաքունցը շեշտում է՝ երեկ մինչև Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը օրակարգն արդեն խախտվել էր։

«Օրակարգի շեղման հիմքով փորձել արտահայտել վերաբերմունքը այն դեպքում, երբ որ նույն դահլիճում այլ ելույթ ունեցողներ նմանապես, եթե ելնենք օրակարգից, շեղվել էին՝ խոսելով տնակային ավանների բնակիչների մասին, խոսելով ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին, դա իրապես հանդիսանում է խտրական վերաբերմունք», - ասաց Սաքունցը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պնդում է՝ ինքը, անկախ իր վերաբերմունքից, որևէ խտրական մոտեցում չի ցուցաբերել։ Նշեց, որ բոլորը, այդ թվում և տրանսգենդեր անձանց իրավունքներով զբաղվողները, կարող են դիմել հանձնաժողով՝ իրենց խնդիրները քննարկելու, եթե, իհարկե, հանձնաժողովը համաձայնություն տա։

«Եթե ինքը դիմի հանձնաժողով, ես իր նամակը կվերահասցեագրեմ ոստիկանություն, կփորձեմ պարզաբանում ստանալ և պարզաբանումը կփոխանցեմ իրեն», - ընդգծեց պատգամավորը։

Զոհրաբյանն ասաց՝ գիտի, թե որ պատգամավորն է Մարտիրոսյանին աջակցել մուտք գործելու խորհրդարան, բայց անուն չի հնչեցնի։

«Ազատության» դիտարկմանը, որ եթե այլ անձ խախտեր օրակարգը, որը կապ չունի սեռական փոքրամասնությունների համայնքի հետ, այսպես բուռն արձագանք կլինե՞ր, հատկապես համացանցում, Զոհրաբյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ։ Մենք պիտի նաև եթե ինչ-որ նոր գաղափարներ, նոր, այսպես ասած, կենսակերպ են փորձում ինչ-որ խմբեր ներարկել, ապա բնականաբար էսպես չեն անում՝ բերում կանգնացնում Ազգային ժողովի՝ երկրի թիվ մեկ ամբիոն առաջ»։

Ի՞նչ պետք է անել, որ հանրությունը հարգի նաև սեռական փոքրամասնությունների իրավունքները. Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը պատասխանեց՝ պետք է հանդուրժող լինել։

«Պիտի հանդուրժող լինենք, պիտի հարգվի յուրաքանչյուրի.... Գիտե՞ք, էստեղ որ ասում են՝ իրենք՝ «մեր իրավունքները», ես ասում եմ՝ էստեղ կա մարդու իրավունք, իսկ ո՞վ է ասել, որ իրենց իրավունքը ավելի գերակա է, քան իմ կամ իմ երեխայի իրավունքից», - շեշտեց Զոհրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG