Մատչելիության հղումներ

«Նաիրա Զոհրաբյանը իրեն ճիշտ է պահել»․ Ծառուկյանը՝ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի մասին


Ազգային ժողովի ամբիոնից տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի սկանդալային ելույթի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Այսօր էլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ թեմային:

«Ես ասեմ բոլորին, որպես Ծառուկյան, որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, որպես հայ ընտանիքի հայր․ ադաթով, ավանդույթով, դաստիարակությամբ, հավատքով, եկեղեցիով, դա մեր համար անընդունելի է», - նշեց Ծառուկյանը։

«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյան անցած շաբաթ Ազգային ժողովում մասնակցել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հրավիրած լսումներին: Ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ Մարտիրոսյանը բողոքել է սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումներից և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքից: Տրանսգենդերի ելույթից հանկարծակիի եկած Նաիրա Զոհրաբյանը նկատողություն էր արել օրակարգից դուրս թեմաներ քննարկելու համար, ապա դուրս հրավիրել նիստերի դահլիճից: ԲՀԿ խմբակցության առանձին պատգամավորներ և ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր սուր քննադատեցին, որ թույլ է տրվել տրանսգենդերին մուտք գործել Ազգային ժողով: Լիլիթ Մարտիրոսյանի աջակիցներն էլ գործընթաց են սկսել Նաիրա Զոհրաբյանի դեմ՝ պահանջելով զրկել նրան Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ, ըստ նրանց, վերջինս խտրական մոտեցում է ցուցաբերել:

Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումն էլ է կոշտ․ - «Դա արատ է, արատը մենք պետք է, ոնց որ եղել է թաքուն պահել՝ թաքուն պետք է պահենք։ Մենք երբեք ու երբեք հնարավորություն չենք տալու, թույլ չենք տալու դա տարածվելու կամ օրինական ուժ ստանալու։ Այդ արատը, որը մինչև այսօր եղել է փակ, որ դա չի արտահայտվել և այսօր մենք բացառված է դրան հնարավորություն տալու, որ տարածվի։ Ուրեմն իրենց իրավունքները, բոլոր իրավունքները պարտավորված է... ամեն մարդ, եթե խնդիր է ունենում, թող բողոքի իրավապահ մարմիններին, բայց նոր օրենք ընդունել, նոր Սահմանադրություն հնարավորություն տալու, դա մեր՝ իմ կողմից, իմ կուսակցության․․․ դա բացառված է։ Մենք Նաիրա Զոհրաբյանի կողքին ենք, Նաիրա Զոհրաբյանը որպես Մարդու իրավունքերի հանձնաժողովի նախագահ շատ ճիշտ է պահել»։

Փոխարենը ԲՀԿ ղեկավարը դեմ է, որ մարդու դեմ բռնություն գործադրելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված ԲՀԿ խմբակցության պատգամավոր, իր թիկնազորի նախկին ղեկավար Էդուարդ Բաբայանը մանդատը վայր դնի:

«Իսկ Բաբայանը ի՞նչ ասեց, որ ինքը բողոքարկել է, դա չի ընդունում և համապատասխան, որպես տուժող ի հայտ գալացողը, նույն բանը հայտարարեց, որ եթե բողոք չկա, մարդը ասում է՝ «վրդովված եմ եղել, այդպիսի բան ասելու համար, եթե այդպես պետք է լինի ինձ դատեք», - նշեց ԲՀԿ ղեկավարը։

Էդուարդ Բաբայանը մեղադրվում է անցած տարի հուլիսին «Օլիմպավան» մարզական համալիրում Վյաչեսլավ Հարությունովին հարվածներ հասցնելու, նրա առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Բաբայանը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել: Դատարանը թեև օրերս նրան մեղավոր ճանաչեց, սակայն վերջինս համաներմամբ ազատ արձակվեց: Մինչ այդ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, եթե դատարանը հաստատի իր մեղքը, պատգամավորի մանդատը վայր կդնի: Առայժմ առաջին ատյանի դատարանի որոշման հետքերով է գնալու, այն բողոքարկելու է:

«Բաբայանը բողոքարկելու է, որ այդ հարցը վերանայեն, որովհետև այդպիսի բան չի եղել», - նշեց ԲՀԿ ղեկավարը։

Գագիկ Ծառուկյանը բողոքեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից: Նրա թիմի աշխատանքից դժգոհ է, վարչապետից՝ ոչ: «Ես Նիկոլ Փաշինյանից դժգոհ չեմ, ես Նիկոլ Փաշինյանի թիմից եմ դժգոհ։ Նիկոլ Փաշինյանը ուզում է անի, բայց տարբեր ոլորտներում, համապատասխան, պետք է լինի, որ էդ մարդիկ մատից փուշ հանող լինի», - ընդգծեց Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդը հեղափոխությունից մեկ տարի անց տնտեսական առաջընթաց չի նկատում: Միայն ընտրական գործընթացն առանձնացրեց որպես ձեռքբերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG