ՄԻՊ գրասենյակը ուշադրության կենտրոնում կպահի վարչապետի հանձնարարականի կատարման ընթացքը

.

Խորհրդարանական ընդդիմության և Մարդու իրավունքների պաշտպանի համար անհասկանալի է, թե ինչու է վարչապետի՝ մանիպուլյացիաներ անողներին կոշտ հակահարված տալու հանձնարարականի հասցեատերը Ազգային անվտանգության ծառայությունը, եթե կա ոստիկանություն և դատախազություն, որոնց, օրինակ, ՄԻՊ-ը մեկ անգամ չէ որ դիմել է, երբ կեղծ օգտատերերը սպառնացել են, ասենք, փաստաբանին կամ ատելության քարոզ տարածել:

«Այստեղ մանավանդ Ազգային անվտանգության ծառայության՝ որպես փակ կառույցի, այս հարցում լայն ներգրավվածությունը, այն էլ հատկանիշներ լինելով, որ կարող է խոսքի ազատությանը որոշակի վնաս հասցվել, չի կարող լինել: Ըստ իրավասության՝ պետք է յուրաքանչյուր մարմին զբաղվի, որովհետև մենք մշտապես աշխատում ենք ոստիկանության հետ, դատախազության հետ: Դիտարկումը լինելու է, հատուկ ուզում եմ նշել՝ անմիջական ուշադրության կենտրոնում», - նշեց Արման Թաթոյանը:

Կեղծ լուրերով միանիպուլյացիայի, այսպես կոչված, զոհերը, վարչապետի հնչեցրած օրինակով, իշխանություններն էին:

«Ինչո՞ւ պետք է Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվի ֆեյքերի խնդրով», - հարց հնչեցրեց ԲՀԿ խմբակցության պատգմավոր Գևորգ Պետրոսյանը: Ազգային անվտանգության ծառայությունը շատ ավելի կարևոր անելիքներ ունի, հատկապես ներկա ժամանակաշրջանում, քան ֆեյքերով զբաղվելը: Ի դեպ, ինչո՞ւ է ֆեյքերով զբաղվելու խնդիրը նոր առաջանում: Կարո՞ղ է ինչ-որ ֆեյքերի հարաբերակցության փոփոխություն կա, դրա համար հիմա են իրենք խնդիրը հնչեցնում: Ֆեյքերի մասին մենք միշտ խոսել ենք․․․ էդ այլանդակության, էդ սոցցանցերում տիրող անկառավարելի, խուլիգանական մթնոլորտի, երբ որ մեր քաղաքական գործիչների հայտարարությունները ոչ թե իրավաքաղաքական գնահատականների առարկա են դառնում, այլ մենք պարզապես էդ օրը հաջողացնում ենք, ասենք, հարյուրավոր հայհոյանքներ շալակել»:

Նիկոլ Փաշինյանի ընտրած «մանիպուլյացիա» եզրույթը ավելի լայն մեկնաբանության դաշտ է ստեղծում, քան, այսպես կոչված, ֆեյք նյուզը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հարցը ավելի շուտ քաղաքական, քան իրավական հարթությունում է դիտարկում և մտահոգություն հայտնում ԱԱԾ-ն որպես գործիք օգտագործելու մասին․ - «ԱԱԾ-ի այսօրվա աշխատանքի որակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ շատ դեպքերում դա ուղղակի վարչապետի ենթակայության մարմին դարձնելը և այդ նպատակով օգտագործելը հղի է վտանգով, որ, այո, կարող է նաև պարզապես լծակ դառնալ վարչապետի ձեռքին»:

Ընդդիմադիրներն ասում են, որ գործընթացը չպետք է ստեղծի իրավիճակ, որի արդյունքում իշխանությունը կտեսնի միայն իրեն հաճո գրառումներ:

Նախկին լրագրող, իշխող դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հակադարձում է՝ վարչապետն ինքն էլ երկար տարիներ լրագրողական գործունեություն է ծավալել և թույլ չի տա որ խոսքի ազատության իրավունքը ոտնահարվի․ - «Լրատվամիջոցները և լրագրողները չեն տուժելու, եթե անգամ Ազգային անվտանգության ծառայությունը անցնի որոշակի գործողությունների՝ եթե, իհարկե, այդ անձինք, այդ կազմակերպությունները իսկապես սպառնալիք չեն ազգային անվտանգությանը»:

Իշխանական պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆրանսիայի օրինակն է հնչեցնում, երբ բարձրագույն իշխանությունն է կեղծ լուրերը որակել որպես ազգային անվտագության խնդիր: Ասում է՝ օրենսդրական բացի հարց է, որը պետք է լրացնել՝ միջազգային փորձն ու Հայաստանի առանձնահատկությունները հաշվի առնելով:

Աբրահամյանը չի բացառում առաջիկյում գործընկերների հետ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու տարբերակը․ - «Ես չեմ կարծում, թե քաղաքական խնդիր է, որովհետև եթե քաղաքական լիներ, դա ընդհանրապես հանրային չէր էլ բարձրաձայնվի և ուղղակիորեն կարող էր փակ ռեժիմում քննարկվեր և լուծումներ գտնվեին, և որևէ մեկս դրա մասին չիմանայինք»:

Եթե կեղծ լուր հրապարակելը ՀՀ օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարք չէ ինչպես եք կառավարությունում պայքարելու դրանց դեմ․ այս հարցին Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատասխանեց․ - «Եթե դուք վերցնեք որպես առանձին դրվագ, կարող է դրա մեջ չտեսնեք տեղեկատվության ազատության իրավունքի կամ արտահայտվելու ազատության իրավունքի չարաշահում: Սակայն եթե դուք հավաքում եք խճանկար, խճապատկեր և տեսնում եք, որ դա կենտրոնացված կառավարվում է, և դրանք իրար հետ փոխկապակցված են, դրանք կարող են նաև այդպիսի դրսևորում ունենալ և այդպիսի գնահատականի արժանանալ»:

Հարցին, թե ինչպես են կազմակերպելու գործընթացը, որպեսզի տեղիք չտան սուբյեկտիվությանն և այլ մեկնաբանությունների, նախարարն արձագանքեց․ - «Մենք դեռևս դրա վերաբերյալ բանաձև չունենք»: