Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան․ Ֆեյքերի խնդիրը պետք է կարգավորվի բացառապես իրավական դաշտում


Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը խիստ վտանգավոր է համարում համացանցում մանիպուլյացիաներ անողներին կոշտ հակահարված տալու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը Ազգային անվտանգության ծառայությանը։

«Չկա որևէ իրավական սահմանում, չունենք որևէ սահմանում, որը հստակ կսահմանի այն սահմանները, թե որ տեղեկատվությունն է համարվում մանիպուլյատիվ։ Եվ սա լուրջ կամային մեկնաբանման հնարավորություն է տալիս ցանկացած պետական մարմնի և, մասնավորապես, ԱԱԾ-ին՝ գնահատելու, թե որ հրապարակված տեղեկատվությունը կհամարենք մանիպուլյատիվ և որը չենք համարի: Եվ արդյո՞ք առողջ քննադատությունը, որը կարող է հրապարակվել կառավարության հասցեին, կարող է դիտարկվել մանիպուլյատիվ, թե ոչ», - նշեց Դոյդոյանը:

Երեկ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է։

Դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ Փաշինյանը հույս հայտնեց, որ նրա ղեկավարած ծառայությունը այս հարցում կկարողանա ապահովել արդյունքներ և կոշտ հակահարված տալ ֆեյքերին, իհարկե՝ կասկածի տակ չդնելով խոսքի ազատության իրավունքը:

Դոյդոյանն ասում է, որ մեդիա ոլորտում Ազգային անվտանգության ծառայությունը ո՛չ անելիք ունի, ո՛չ էլ միջամտելու իրավասություն։ Նա անհասկանալի է համարում, թե ինչու վարչապետը այս գործընթացում ներգրավեց ԱԱԾ-ն։ Նրա կարծիքով, որոշումը հապճեպ է կայացվել և ոչ հիմնավորված։

Դոյդոյանը համոզված է, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես օրենսդրական դաշտում, այլապես դա կարող է դիտարկվել որպես խոսքի ազատության սահմանափակում․ - «Պետք է արվի օրենքով, ունենա օրինական նպատակ և անհրաժեշտ լինի ժողովրդադավարական հասարակությանը, ինչպես սահմանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը»:

Ինչ վերաբերում է ֆեյքերին, ապա ասաց՝ անանուն կամ կեղծանվամբ հանդես գալը խոսքի ազատ արտահայտվելու և անձնական կյանքի գաղտնիության իրավունքների բաղկացուցիչ մաս ․ - «Մարդը կարող է, վայելելով իր անձնական կյանքի գաղտնիությունը, ասել, արտահայտվել կամ հրապարակել տեղեկատվություն, կարծիք։ Դրա համար պետությունը նրան չի կարող պատասխանատվության ենթարկել։ Սա միանշանակ է»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ղեկավարը կարծում է, որ պետք է լինի հասարակական, սոցիալական սուր պահանջ նման խնդիրը լուծելու, սակայն այս պահին, Դոյդոյանի խոսքով, դրա անհրաժեշտությունը չկա։

Իսկ եթե տարածվում է որևէ մեկին վիրավորող կամ զրպարտող տեղեկատվություն, ապա դրա համար պատասխանատվություն գործող օրենսդրությունը նախատեսում է․ - «Ներողություն պահանջել, փոխհատուցում պահանջել, հերքում-պատասխանի իրավունք պահանջել․ էս բոլոր մեխանիզմները առկա են: Ինչո՞ւ ենք ուզում բարդացնել իրավիճակը: Պետք է փորձել այս ճանապարհով լուծել, հիմա ձեռնպահ մնալ որևէ իրավական կոշտ, կոպիտ միջամտությունից և վախի մթնոլորտ ստեղծելուց: Դա ամենավտանգավորն է ազատ արտահայտվելու իրավունքի համար, երբ որ մարդը ինքն իրեն գրաքննում է ազատ արտահայտվելուց առաջ... բա ո՞ր սա ԱԱԾ-ն մանիպուլյատիվ համարի, ես ի՞նչ պիտի անեմ, ընկնեմ ԱԱԾ-ի դռնե՞րը․․․ Ձեռնպահ են մնում արդեն ճշմարտությունը, քննադատությունը հրապարակելուց»:

Կարեն Անդրեասյան
Կարեն Անդրեասյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նախ հարկավոր է բացահայտել և վերացնել լրատվական դաշտում ու սոցիալական ցանցերում քարոզի համար իրականացվող ապօրինի դրամական հոսքերը․ - «Ես գտնում եմ, որ այսօր ֆինանսական հսկայական հոսքեր կան, որոնք դարձնում են խոսքի ազատության որոշակի օգտվողներին դավադրության հրահրողներ և դավադրության կազմակերպիչներ։ Ե՛վ ֆինանսական հոսքերի, և՛ այդ դավադրությունների մասին խոսեց վարչապետը: Գտնում եմ, որ այսօր ֆինանսական հոսքերի վրա պետք է կենտրոնանան մեր իրավապահ մարմինները, որովհետև այստեղ կան հսկայական կոռուպցիոն սխեմաներ, այստեղ կա հսկայական ապօրինի ֆինանսների շրջանառություն, որի հետևանքով արդեն նույնիսկ կարող է վտանգ լինել ազգային անվտանգությանը: Կեղտոտ փողերով իրականացվող մանիպուլյացիաները պետք է արգելվեն, և այստեղ միակ լուծումը դրամը հսկելն է: Այսինքն հասկանալ ով, ոնց, ինչպես է ֆինանսավորում այդ մանիպուլյացիաները: Եվ դա արդեն լուրջ հանցագործություն է և կապ չունի խոսքի ազատության սահմանափակման հետ: Դա ավելի շատ կապ ունի ֆինանսական մախինացիաների և կեղտոտ փողերի օգտագործման հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG