Կա անհրաժեշտություն վերջ դնելու ֆեյքերին, բայց թե ինչպես, ինչ ձևով, ինչ մեթոդաբանությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի պատկերացնում։
«Միանշանակ խոսքի ազատության հետ կապված այդ մտահոգությունը կա։ Ես չեմ պատկերացնում, թե ինչ ձևով է հնարավոր պայքարել ֆեյքերի դեմ, իսկ իրականությունն այն է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ամենաշատը ֆեյքերից տուժած քաղաքական ուժն է, և անձամբ ես և մեր մասին եղած տարատեսակ լուրերը, որ տարածվում են հանրային կարծիքի մաս, դրանք արվել են ֆեյքերի միջոցով։ Նույնիսկ որևէ մեխանիզմ չենք կարողացել դրա դեմ կիրառել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարուքյանը։
Նրա համոզմամբ, ֆեյքերի դեմ պայքաը շատ դժվար է և այդտեղ նաև խոսքի ազատության պաշտպանության խնդիր է առաջ գալիս։
«Ես երկու հաղորդում ունեմ հանցագործության մասին տված, մեկը՝ «Յություբ»-ում ալիք էին բացել, մեր պատգամավորների նկարները դրել, վատ բաներ գրել, որ զոհվել են, մահացել են, հայհոյանքներ, սպառնալիքներ։ Էդ մի գործով քրեական գործ չհարուցվեց, երկրորդ հաղորդումն եմ տվել ոստիկանություն՝ մեկ այլ դեպքով, էլի հերյուրանքներ տարածել, էլի անձնական տվյալներ տարածել։ Անձնական տվյալների տարածման փաստով էլի ֆեյք է, այսինքն՝ էլի ֆեյք օգտատերով է բացվել։ Նոր հարուցվել է քրեական գործ։ Հիմա տեսնենք ինչ կլինի, բայց ուզում եմ ասել, որ դրա դեմ պայքարը շատ դժվար է, և այստեղ նաև խոսքի ազատության պաշտպանության խնդիր է առաջ գալիս, բազմաթիվ մտահոգություններ և այս առումով ես պետք է ասեմ, որ մենք ըստ էության զոհերի կողմն ենք հայտնվել միշտ», - ասաց Մարուքյանը։
Երեկ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է։
Դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ Փաշինյանը հույս հայտնեց, որ նրա ղեկավարած ծառայությունը այս հարցում կկարողանա ապահովել արդյունքներ և կոշտ հակահարված տալ ֆեյքերին, իհարկե, կասկածի տակ չդնելով խոսքի ազատության իրավունքը:
Հարցին, թե ողջունո՞ւմ է վարչապետի այս նախաձեռնությունը, Մարուքյանը պատասխանեց. - «Ես չեմ պատկերացնում, թե դա ոնց է արվելու, որ ողջունեմ։ Երբ որ կոնկրետ քայլեր կարվեն հենց մեզ հետ կապված, մասնավորապես, մեր դեմ իրականացվող հակաքարոզչության հետ կապված, այն ժամանակ կարող եմ ողջունել։ Հիմա ես չեմ պատկերացնում։ Հիմա կոնկրետ կայքեր կան, որ մեր դեմ ամենօրյա ռեժիմով սուտ տեղեկություն են տարածում, որ դատի էլ տանք, պետք է ասեն՝ «մամուլին դատի են տալիս»։ Մեր սկզբունքն է դատի չտալ։ Ընդ որում, լրատվամիջոց էլ չի է, որ ասեմ լրատվամիջոց է»։
Մարուքյանը նշեց՝ ֆեյքերի խնդիրը համաշխարհային է, և ամբողջ աշխարհում են փորձում պայքարել ֆեյքերի դեմ, սակայն՝ անարդյունք։
«Սա մի օրվա հարց չի և մի փոքր պրոբլեմ չի։ Սա միանշանակ, նաև քաղաքական մշակույթի հարց է, ես ինքս դատապարտում եմ ֆեյքերի միջոցով որևէ խնդրի լուծումը, և «Լուսավոր Հայաստան»-ը երբևէ այդ դաշտում չի եղել, ընդհակառակը՝ մեր դեմ միշտ իրականացվել է նման հակաքարոզչություն», - ասաց Մարուքյանը։