Այս հարցը քննարկման առարկա դարձավ Գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին վարչապետի խորհրդական նշանակվելուց հետո:
Գեներալ-մայորը 2016 թվականի ապրիլին զբաղեցնում էր Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնն ու այդ պաշտոնից հեռացվել էր ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց՝ 2016 թվականի ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով և այդ օրերին շատերը նաև նրան էին պատասխանատու համարում զոհերի ու նաև տարածքային կորուստների համար:
Նրան իր խորհրդական նշանակելու Փաշինյանի որոշումը ևս քննադատվեց:
«Ինչպես տեղյակ եք, ապրիլյան գործողությունները սկսվել են Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների կողմից, իսկ հատուկ ստորաբաժանումները իրենք գործողությունները իրականացնում են ծածուկության պայմաններում: Անգամ այդ պայմաններում եղել է տեղեկատվություն հնարավոր գործողությունների վերաբերյալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը:
Հարցին, թե այդ դեպքում ինչու էր պաշտոնանկ արվել Հետախուզության վարչության պետը, նախարարն արձագանքեց․ - «Ես չեմ կարող մեկնաբանել Գերագույն գլխավոր հրամանատարի գործողությունները, բայց նույն ժամանակաշրջանում տվյալ սպան նշանակվել է ռազմական կցորդ Ռուսաստանում»:
Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետին իր խորհրդական նշանակելու որոշմանը երեկ անդրարդարձավ նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր և այդ նյութերում ոչինչ չի գտել հետախուզական տվյալների բացակայության մասին:
Փաշինյանը նաև ասաց, որ ապրիլյան պատերազմի վերաբերյալ կան տեղեկություններ, որոնք ստուգման կարիք ունեն։
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանից, ով ապրիլյան պտերազմի ժամանակ փոխանախարի պաշտոնն էր զբաղեցնում, հետաքրքվեցինք, թե արդյոք ուշադրության արժանացել են հետախուզական վարչությունից ստացված տեղեկությունները, քայլեր ձեռնարկվե՞լ են այդ ուղղությամբ:
Նախարարի պատասխանը․ - «Մեր հակառակորդի ուժերի և հայկական ստորաբաժանումների միջև շատ փոքր տարածություն: Մենք պարբերաբար հետևում ենք Ադրբեջանի զինված ուժերի տարբեր տեսակի տեղափոխումների: Այդ ժամանակահատվածում ևս դա գրանցվել է: Բայց դա միշտ չի նշանակում, որ հարձակում է լինելու»:
Նիկոլ Փաշինյանը երեկ շեշտեց, որ ապրիլյան պատերազմի հետ կապված խնդիրները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ հանրությունը ունի շատ հարցեր, իսկ դա նշանակում է, որ պետք է հանգիստ և հանդարտ գտնել այդ հարցերի պատասխանը․ - «Նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն ա քառօրյա պատերազմի պատասխանատուն, նրանք ըստ էության ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ: Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը փաստորեն արդար դատավոր է և այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել: Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չեմ գնել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»: