Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյան․ Ես տարօրինակ եմ համարել, որ ապրիլյան դեպքերի հետ կապված որևէ մեկը չի պատժվել


Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչն է տարօրինակ համարել վարչապետի նորանշանակ խորհրդական Արշակ Կարապետյանի հետ կապված:

Օրեր առաջ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նշանակումը Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնում բուռն արձագանքի առիթ դարձավ հանրության շրջանում։

Պատճառն այն է, որ գեներալ-մայորը 2016-ի ապրիլին զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնն ու այդ պաշտոնից հեռացվել էր ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց՝ ապրիլի 26-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։

Ապրիլյան պատերազմից հետո պաշտոնանկ արված հետախուզության վարչության պետին 2018 թվականի փետրվարին, նշանակում են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, և նախկին իշխանությունների այս որոշումը հեղափոխության սկզբի օրերի ուղիղ եթերներից մեկի ժամանակ տարօրինակ է համարել Արայիկ Հարությունյանը։

Այսօր լրագրողները Հարությունյանից հետաքրքրվեցին, թե արդյոք Արշակ Հարությունյանի այս նշանակումը ևս տարօրինակ չի համարում․ - «Տեսանյութը ամբողջությամբ նայեք: Ես տարօրինակ դա չեմ համարել: Ես տարօրինակ եմ համարել, որ ապրիլյան դեպքերի հետ կապված որևէ մեկը չի պատժվել: Ես դա ներկայացրել եմ որպես հետաքրքիր տեղեկություն»:

«Ազատության» հարցին, թե հակասություն տեսնո՞ւմ է իր հայտարարության և Արշակ Կարապետյանին վարչապետի խորհրդական նշանակման միջև, Հարությունյանն արձագանքեց, թե վարչապետն արդեն անդրադարձել այդ հարցին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ նշել էր, որ քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր և այդ նյութերում ոչինչ չի գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG