Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր սկանդալային հայտարարություն արեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների վերաբերյալ՝ ընդգծելով, այդ օրերի վերաբերյալ կարդացել է բազմաթիվ գաղտնի նյութեր և դրանցում չի գտել հետախուզական տվյալների բացակայություն:
Այս հայտարարությունը Փաշինյանն արեց Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է դեկտեմբերի 17-ին իր խորհրդական նշանակել Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ տարածքային կորուստների և մարդկային զոհերի համար նաև նրան էին պատասխանատու համարում:
«Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձություների արդյունքում, նրանք ասում են, որ Սարգսյանն արդար դատավոր է և արդար որոշում է կայացրել», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը՝ շարունակելով․ - «Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ ապրիլյան պատերազմի հետ կապված խնդիրները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ հանրությունը ունի շատ հարցեր ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ և դա նշանակում է, որ պետք է հանգիստ և հանդարտ գտնել այդ հարցերի պատասխանները:
Ըստ Փաշինյանի, Արշակ Կարապետյանը կկատարի իր պարտականությունները, և եթե որևէ փուլում հարցեր կծագեն, իսկ այդ հարցերը կծագեն, ապա այդ կարգավիճակում Կարապետյանն ավելի մեծ պարտավորություն կունենա կոնկրետ և սպառիչ պատասխանել հարցերին։
Հարցին, թե արդյոք այս հայտարարությունը նշանակում է, որ Կարապետյանը իր պարտականությունները ապրիլյան պատերազմի ժամանակ կատարել է պատշաճ, վարչապետի պաշտոնակատարն ասաց, թե գնահատականներ տալ չի կարող, կրկնելով. - «Գաղտնի նյութերին ծանոթանալով՝ այս պահի դրությամբ չեմ գտել տվյալ, որ մենք ունեցել ենք հետախուզական տվյալների պակաս»:
Լրագրողների մեկ այլ հարցին, թե արդյոք ապրիլյան պատերազմը «պայմանավորված պատերազմ» էր, ինչպես այդ օրերին պնդում էին ոմանք, Փաշինյանն արձագանքեց, թե այս ընթացքում տարբեր տեղեկություններ են ստացվում, որոնք ստուգման կարիք ունեն․ - «Ես գիտեմ, որ այդպիսի վարկած կա, եղել է, այն լայնորեն քննարկվել է, բայց մի բանում չկասկածեք՝ մեր բոլոր գործողություններն ուղղված են լինելու մեզ համար կարևոր ճշմարտությունները բացահայտելուն, եթե նույնիսկ դրանք առաջին հայացքից կարող են հակառակ տպավորություն թողնել»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 17-ի որոշմամբ, Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը նշանակվեց վարչապետի խորհրդական:
2016-ի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել էր գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից՝ ապրիլի 26-ին, շատերը հենց նրան էին պատասխանատու համարում զոհերի ու նաև տարածքային կորուստների համար։ Ապրիլյան պատերազմից օրեր անց գեներալ-մայոր Արշակ Կարապետյանից բացի պաշտոնանկ արվեցին նաև ԶՈՒ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, Կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը: Այս պաշտոնանկությունները կապվեցին ապրիլյան պատերազմում հայկական կողմի մարդկային, ինչպես նաև տարածքային կորուստների հետ։
Այսպիսով, պաշտոնանկությունից գրեթե երկուսուկես տարի անց գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը վարչապետին անվտանգության ոլորտի հետ կապված խորհուրդներ կտա:
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք կասկածի տակ չի դրվի Կարապետյանի տված խորհրդատվության վստահելիությունը, հաշվի առնելով այն փաստը, որ ապրիլյան պատերազմի օրերին հենց նա էր Զինված ուժերի հետախուզական վարչության պետը, վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, որ Փաշինյանը բավարար հիմքեր է ունեցել Արշակ Կարապետյանին այդ պաշտոնում նշանակելու համար։