Քննչական կոմիտեն գաղտնալսման գործով մանրամասներ չի հրապարակում

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության պետերի հեռախոսազրույցների գաղտնալսման երեկ համացանցում տարածված ձայնագրությունը քննում է արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում:

Սեպտեմբերին, հիշեցնենք, համացանցում տարածվեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, ուր Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը քննարկում են Մարտի 1-ի գործը:

Երեկ հրապարկելով նոր ձայնագրությունը՝ Նիկոլ Փաշինյանը այն կոչեց «գաղտնալսման երկրորդ մաս»:

«Ուզում եմ նշել, որ Քննչական կոմիտեն դեռևս սեպտեմբերի 12-ին ստացել և վարույթ էր ընդունել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության գաղտնիությանը խախտելու, այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ Գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը: Քննչական կոմիտեի նախագահի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել էր Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը», - ասաց Նաիրա Հարությունյանը:

Հարցին, թե ինչ նորություններ կան նախորդ գաղտնալսման փաստով սեպտեմբերին հարուցված գործով, Հարությունյանն արձագանքեց․ - «Այս պահին, նախաքննության շահերից ելնելով, այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն, բայց ուզում եմ նշել, որ տվյալ քրեական գործով ստեղծված է քննչական խումբ, օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի կատարած արարքին քրեաիրավական գնահատական տալու համար»:

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը մոտ մեկ շաբաթ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ արդեն պատկերացնում են, թե ովքեր են պատվիրել ու իրականացրել իր և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը, բայց մեղադրանք առաջադրելու համար փաստական հիմքեր չունեն։

Այս առնչությամբ Նաիրա Հարությունյանն ասաց․ - «Իհարկե, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի խոսքերը չեմ ուզում մեկնաբանել: Կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում, որպես Քննչական կոմիտեի ներկայացուցիչ, միայն կարող եմ հայտնել, որ այս պահին մենք նախաքննության շահերից ելնելով որևէ մանրամասն հայտնել չենք կարող»:

«Կան մարդիկ, որոնք իրենց դիրքով, տեղով․․․ տեղեկացված են լինում: Տեղեկատվությունը ստացվում է, բայց, ցավոք սրտի, չի լինում փաստաթղթավորել այդ տեղեկատվությունը, փաստագրել, այսինքն՝ ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմնին, որովհետև մարդիկ, ովքեր արել են այդ գործը, շատ լավ են պարտաստված եղել, և հետքեր չեն թողել, որով կարող ենք մեղադրանքներ ներկայացնել մարդկանց», - նոյեմբերի 28-ին ասել էր Վանեցյանը:

Երեկ անդրադառնալով ձայնագրությանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այն կոչեց՝ «հայտարարված պատերազմ Հայաստան պետության նկատմամբ»․ - «Սա, ըստ էության, հայտարարված պատերազմ է Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Եվ իհարկե, այս պատերազմը հրահրածներին սպասվում է ջախջախիչ պարտություն: Որևէ կասկած չկա, որ սա հակահեղափոխության հերթական դրսևորում է, և որևէ կասկած չկա, որ հակահեղափոխությանը սպասվում է ջախջախիչ պարտություն, կոռուպվացված համակարգին սպասվում է ջախջախիչ պարտություն, իսկ կոռուպցիոներին սպասվում են քրեական գործեր, սպասվում են, այո՛, կալանավորումներ, սպասվում են, այո՛ դատավճիռներ և սպասվում է հետևյալը՝ նրանք իրենց թալանած ամբողջը պետք ա վերադարձնեն ժողովրդին»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, գաղտանլումն ուղղակի սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար․, - «Նույնիսկ կարող են գրոհ բնորոշել պետության վրա: Դա յուրօրինակ գրոհ ա, երբ առաջին դեմքերը գաղտնալսվում են: Շատ հետաքրքիր է, որ առաջին մասը տարածվեց Երևանի ավագանում ընտրությանը, երկրորդ մասը հիմա՝ խորհրդարանի արտահերթ ընտրությանն է տարածվում: Եթե ազդեցությամբ նայենք, ապա, անկախ նրանից, թե ինչ նպատակ էին հետապնդում, ենթադրաբար՝ նոր իշխանությանը հարվածելու նպատակ, բայց էդ նպատակները կարծես թե չեն արդարանում, և ավելի շատ բումերանգի էֆեկտ է ստացվում․ դա նպաստում է իշխանության շուրջը հանրային է՛լ ավելի մոբիլիզացիային»: