Մատչելիության հղումներ

Պետք է հստակ մոտեցում լինի, թե ինչպես պետք է օգտվեն բարձրաստիճան պաշտոնյաները նմանատիպ սարքերից․ Անվտանգության փորձագետ


21-րդ դարում բավական է ունենալ ինտերնետ, համակարգիչ, գումար և տեխնիկական գիտելիք՝ անձին գաղտնալսելու համար: Տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետների կարծիքով այսօր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում անձնական տվյալների անվտանգությունը խոցելի է: Այդուհանդերձ, երբ խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների մասին է, այսպես պետական մակարդակով պետք է պաշտպանական լուրջ միջոցներ կիրառել:

Երեկ համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են «Մարտի 1»-ի գործը: Ժամեր անց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հաստատեց՝ համացանցում տարածված ձայնագրությունում զրուցում են ինքն ու Սասուն Խաչատրյանը։

Տեսազանգեր, աուդիո զանգեր ու մի շարք այլ ծառայություններ առաջարկող հայկական Zangi հավելվածի հիմնադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը տեղեկացնում է՝ թեև 100 տոկոսանոց անվտանգություն չկա, այդուհանդերձ պաշտոնյաները պետք է հասկանան, որ սովորական GSM կապը այդքան անվտանգ չէ, պետք է օգտվել կապի այլընտրանքային միջոցներից:

«Այսօր անվտանգության ոլորտում վերջին թրենդը ապակենտրոնացված համակարգերն են, որոնք տալիս են լավագույն պաշտպանվածությունը: Այսինքն, եթե պատկերավոր ասեմ, դա սեփական կապը ունենալն է: Գովում են այս մեսենջերը կամ այն մեսենջերը, բայց միևնույնն է՝ դու, ասես, վստահում ես քո անվտանգությունը այդ ընկերությանը, որոնք կենտրոնացված համակարգեր են, բայց ժամանակը ցույց է տալիս, որ նույնիսկ դա չի ապահովում այդ անվտանգությունը», - մեկնաբանեց Մարտիրոսյանը: - «Ես, օրինակ, համամիտ չեմ այն կարծիքների հետ, որ՝ այ, ինչպե՞ս կարողացան լսել մեր ԱԱԾ պետին: Ոչ վաղ անցյալում Wikileaks-ից հայտնի դարձավ, որ նույնիսկ այնպիսի պետությունների ղեկավարների, ինչպիսիք էին Ավստրիայի կանցլերը կամ Ֆրանսիայի նախագահը, նույն ճանապարհով գաղտնալսվել էին»:

Ըստ մասնագետների՝ բազմաթիվ վարկածներ կարելի է թվարկել, թե ինչպես կարող էր տեղի ունենալ ԱԱԾ և ՀԾՊ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը․ հեռախոսի մեջ տեղադրել հատուկ լրտեսական ծրագիր, հենց ԱԱԾ աշխատակցի միջոցով և այլ: Քննչական կոմիտեն քննություն է իրականացնում պարզելու հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու հանգամանքները:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է՝ պետք է ոչ թե քննարկել, թե ինչպես են հարձակվել, այլ, թե ինչ էր պետք անել պաշտպանվելու համար:

«Պետք է հստակ մոտեցում լինի, թե ինչպես պետք է օգտվեն բարձրաստիճան պաշտոնյաները նմանատիպ սարքերից, ե՞րբ պետք է օգտվեն, ե՞րբ չպետք է օգտվեն: Իրենց հետո պետք է թրեյնինգներ արվեն», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Սամվել Մարտիրոսյանը: ֊ «Պետք է հասկանանք, որ Հայաստանը, բացի այս ներքաղաքական պայքարից, նաև աշխարհաքաղաքական տարբեր բաների մեջ է ներգրավված և առնվազն վերջին 5-6 տարվա ընթացքում եղած բացահայտումները խոսում են այն մասին, որ եղել է մի քանի խոշոր հարձակում բարձրաստիճան պաշտոնյաների էլեկտրոնային փոստերի վրա»:

Բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսների պաշտպանության հարցը Հայաստանում բարձիթողի վիճակում է և ըստ մասնագետի՝ գաղտնալսումը, զուտ տեսականորեն, կարող էր արվել նաև բջջային օպերատորի մակարդակով։

Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրության հրապարակմանը հաջորդած մամուլի ասուլիսին Վանեցյանն ասաց, որ խոսակցության ժամանակ ինքը եղել է Ժնևում, մեքենայի մեջ, օդանավակայան գնալու ճանապարհին: Խոսել է «ՎիվաՍել-ՄՏՍ» օպերատորի բջջային քարտով:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրեց, որչի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ։ Ընկերության PR ստորաբաժանման համակարգող Վահե Իսահակյանը նշեց, որ դրա իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունն իրենք չունեն:

«Ազատության» այն հարցին թե արդյո՞ք ծառայողական քննություն չի իրականացվում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ում՝ ստուգելու տեղեկատվության ենթադրյալ արտահոսքի փաստը, Իսահակյանը գրավոր տեքստով պատասխանեց, որ ընկերությունը չի իրականացնում ծառայողական քննություն այն պարզ պատճառով, որ չի իրականացրել ու չի էլ կարող իրականացնել գաղտնալսում: Դրա համար նախևառաջ պետք է տեխնիկական համապատասխան հագեցվածություն՝ ներառյալ հատուկ սարքավորումներ ու ծրագրային ապահովում, և ապա՝ նման գործառույթ իրականացնելու թույլտվություն: Եվ այն, որ ձայնային թրաֆիկը փոխանցվում է ընկերության բազային կայաններով, դեռ ոչինչ չի նշանակում:

«Բացարձակապես չի կարելի հավասարության նշան դնել զանգերի կենտրոն զանգահարող բաժանորդի և ընկերության մասնագետի միջև խոսակցության ձայնագրության ու բաժանորդների խոսակցության գաղտնալսման միջև: Դա անհեթեթություն է: Ընկերության ցանցը լիովին պաշտպանված է կոդավորման (encryption) հատուկ համակարգով, և առանց հատուկ տեխնիկական միջոցների գործադրման ու միջամտության, ապակոդավորում և բաժանորդների միջև ընթացող խոսակցության գաղտնալսում տեղի ունենալ չի կարող», - ասում է Իսահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG