Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանել է անանուն աղբյուրի տարածած հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունը, որում Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են Մարտի 1-ի գործը:
Գաղտնալսման մեջ, մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել է ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել:
Նշելով, որ ձայնագրության հետ կապված իր մոտ է հրավիրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և նրան հանձնարարել հանդես գալ մամուլի ասուլիսով, վարչապետը փաստել է, որ՝ «ըստ էության տեղի է ունեցել Հատուկ քննչական ծառայության պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում»:
Փաշինյանը, այնուհետև, իր ուղիղ եթերի զգալի մասը նվիրել է գաղտնալսման այն հատվածին, որը վերաբերում է դատավորի զանգին:
«Ես դեռևս օգոստոսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել եմ, որ ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, Մարտի 1-ի գործը բացահայտված է և տարբերակ չկա՝ բոլոր մարդասպանները պիտի կանգնեն դատարանի առաջ», - փաստել է վարչապետը՝ շարունակելով․ - «Եվ ես՝ դեռ վարչապետ ընտրվելուց հետո բա՞ն եմ թաքցրել ձեզանից: Ասել եմ՝ մինչև օրս դատավորները զանգում են, խաբար են ուղարկում, թե ի՞նչ անենք՝ էս մի հարցը ո՞նց որոշենք, էն մի հարցը ո՞նց որոշենք: Դրանում ոչ մի գաղտնիք չկա: Եվ ես ասել եմ, որ հրաժարվում եմ դատական համակարգին տալ հրահանգներ»:
Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում էսահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:
«Ուզում են այդ պրոցեսը կասեցնել գաղտնալսումներով»
Փաշինյանը նաև կարծիք է հայտնել, որ գաղտնալսման հեղինակները նախկին «մանր ու մեծ չինովնիկներն» են:
«Այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ՝ զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել և նրանք ուզում են այդ պրոցեսը կասեցնել՝ գաղտնալսումներով, ինչ-որ բաներ անելով», - նշել է վարչապետը ու խոստացել՝ «մենք շանտաժի չենք տրվելու, Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի, մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ, թալանվածը պետք է վերադարձվի»: