Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է

Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրացավ ժամը 18-ին: Ազգային ժողովի աշխատակազմից «Ազատությանը» փոխանցեցին, որ առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

Ազգային ժողովի 43 պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ առաջադրեցին վարչապետի թեկնածու:

Եթե առաջին ընտրության դեպքում վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը խորհրդարանական բոլոր խմբակցություններն ունեն, ապա երկրորդ անգամ թեկնածուին կարող են առաջադրել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ այսինքն 35-ը:

«Հավաքվել է 43 ստորագրություն: Դա «Ելք» խմբակցության ամբողջությամբ ստորագրությունն է, «Ծառուկյան» դաշինքի ստորագրությունները, միացել են նաև ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ»,- «Ազատությանը» հայտնեց «Ելք»-ից Ալեն Սիմոնյանը։

Նպատակը այս անգամ ևս Փաշինյանի չընտրվելն է։ Գործող Ազգային ժողովը կարձակվի, եթե խորհրդարանը երկու անգամ չընտրի վարչապետ:

Առաջին անգամ Ազգային ժողովը Փաշինյանին չընտրեց հոկտեմբերի 24-ին: Վարչապետի պաշտոնից նա հրաժարական տվեց հոկտեմբերի 16-ին, որպեսզի դեկտեմբերի սկզբին տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

«Կարծում եմ, որ էս անգամ նույնպես կամ դեմ, կամ ձեռնպահ կքվեարկեն, որպեսզի Ազգային ժողովը լուծարվի, և վերջապես մենք ունենանք քաղաքական դաշտում հանգստություն»,- ասաց Սիմոնյանը։

Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրացավ ժամը 18-ին: Ազգային ժողովի աշխատակազմից «Ազատությանը» փոխանցեցին, որ առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Խորհրդարանի լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 12.00-ին: Վաղն Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այդ մասին հայտարարություն կանի:

«Ելք»-ի պատգամավոր Ալեն Սիմոնյանի խոսքով, Փաշինյանը ամսի 1-ին կգա խորհրդարան, ելույթ կունենա, կպատասխանի պատգամավորների հարցերին. նրա թեկնածությունն առաջադրել են նաև այդ առիթը օգտագործելու համար․ - «Առիթը կրկին անգամ կօգտագործվի պարոն Փաշինյանի կողմից Հայաստանի Հանրապետության բնակչությանը, ժողովրդին ասելիքը հասցնելու, և հնարավորություն ընձեռնվի, եթե հարցեր կան այնուամենայնիվ, որ այդ հարցերը հնչեն, և որևիցե մութ, փակ տեղ չմնա»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ակնկալում է, որ հինգշաբթի ֆորս մաժորներ չեն լինի, խորհրդարանը կգնա աձակման․ - «Այսինքն՝ կլինի ֆորմալ քննարկում և, բնականաբար, չի լինի քվեարկություն, այսինքն՝ վարչապետ չի ընտրվի Նիկոլ Փաշինյանը, ինչը նշանակում է, որ իրավունքի ուժով խորհրդարանը կլուծարվի և կմիացվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամացույցը։ Սա սթափ տրամաբանությունն է, և, չգիտես ինչու, ես վստահ եմ, որ պերմանենտ սուիցիդի ճանապարհով Հանրապետական կուսակցությունը այդուհանդերձ չի գնա»:

ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատությանը» փոխանցեց՝ Հանրապետական խմբակցությունը կողմ չի քվեարկի Փաշինյանի թեկնածությանը․ - «Դեմ լինելով դեկտեմբերին հապճեպ ընտրություններին, այնուամենայնիվ մենք չենք պատրաստվում կողմ քվեարկել Փաշինյանի վարչապետությանը։ Եթե դահլիճում լինեմ, դեմ կքվեարկեմ, կամ չեմ մասնակցի, էականը կողմ չքվեարկելն է, որովհետև և՛ մայիսի 1-ին, և՛ մայիսի 8-ին, և՛ դրանից հետո, և՛ այս վեց ամսվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը լավ հռետոր է, բայց վատ վարչապետ»։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պաշտոնական որոշում Հանրապետականը դեռ չունի, բայց նախկին իշխանության շատ ներկայացուցիչներ այս օրերին հայտարարում են, որ իրենք ընտրապայքարի մեջ մտնելու կողմնակից են:

Շարմազանովի խոսքով՝ մասնակցության դեպքում շատ լուրջ հավակնություններ են ունենալու․ - «Հավակնություները շատ լուրջ են: Առնվազն 3-րդ կամ 4-րդ տեղի համար չենք պայքարելու: Պայքարելու ենք․․․ մեր ծրագրերը ներկայացնել մեր հանրությանը, իհարկե՝ նաև մեր իրականացրած աշխատանքները, նաև միգուցե թերությունները: Եվ կարծում ենք, անկախ ամեն ինչից, Հանրապետական շարունակելու մնալ Հայաստանի Հանրապետության ամենակայացած քաղաքական ուժերից մեկը»:

Եթե հինգշաբթի՝ նոյեմբերի 1-ին վարչապետ չընտրվի, Ազգային ժողովը, Սահմանադրության համաձայն, կարձակվի իրավունքի ուժով:

Գործող Ընտրական օրենսգրքի համաձայն, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են խորհրդարանն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո:

Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին հրամանագիրը հրապարակում է Հանրապետության նախագահը՝ Ազգային ժողովն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ:

Փաշինյանի նախնական հաշվարկներով՝ արտահերթը կանցկացվի մոտավորապես դեկտեմբերի 9-ին, 10-ին՝ պլյուս-մինուս մի քանի օր: