Հանրապետական խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովը նաև նշեց, որ նոյեմբերի 1-ին Հանրապետական խմբակցությունը չի պատրաստվում կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը։
«Հանրապետականի բոլոր քաղաքական հայտարարությունները հստակ են, ուղիղ են և տրամաբանական են, հետևաբար Հանրապետականը նոր թեկնածու չի առաջադրելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շարմազանովը՝ շարունակելով. - «Դեմ լինելով դեկտեմբերին հապճեպ ընտրություններին, այնուամենայնիվ մենք չենք պատրաստվում կողմ քվեարկել Փաշինյանի վարչապետությանը։ Եթե դահլիճում լինեմ, դեմ կքվեարկեմ, կամ չեմ մասնակցի, էականը կողմ չքվեարկելն է, որովհետև և՛ մայիսի 1-ին, և՛ մայիսի 8-ին, և՛ դրանից հետո, և՛ այս վեց ամսվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը լավ հռետոր է, բայց վատ վարչապետ»։
Ազգային ժողովի «Ծառուկյան», «Ելք» խմբակցությունների և Հանրապետական խմբակցությունից անջատված պատգամավորները վարչապետի պաշտոնում այսօր առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ նորից չընտրվելու պայմանով:
Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է այսօր՝ ժամը 18-ին: Այս պահի դրությամբ առաջադրված է միայն մեկ՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Վարչապետի ընտրության հարցի քննարկումն ու քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 1-ին։
Եթե այս անգամ էլ վարչապետ չընտրվի, Ազգային ժողովն իրավունքի ուժով կլուծարվի և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ: