Մատչելիության հղումներ

Վարչապետի պաշտոնում առաջադրվեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը


Ազգային ժողովի «Ծառուկյան», «Ելք» խմբակցությունների և Հանրապետական խմբակցությունից անջատված պատգամավորները վարչապետի պաշտոնում առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ նորից չընտրվելու պայմանով: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

Նշենք, որ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է այսօր՝ ժամը 18-ին:

Ազգային ժողովի ընդհանուր բաժնից «Ազատության»-ը փոխանցեցին, որ այս պահի դրությամբ առաջադրված է միայն մեկ՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Խորհրդարանի լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 12.00-ին: Վաղն Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այդ մասին հայտարարություն կանի:

«Վստահ եմ, որ ՀՀԿ-ն չի գնա պերմանենտ սուիցիդի ճանապարհով»

Նաիրա Զոհրաբյան, արխիվ
Նաիրա Զոհրաբյան, արխիվ

​«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ վարչապետի ընտրության հարցի քննարկումն ու քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 1-ին։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ դա լինելու է ընդամենը ֆորմալ քննարկում և ֆորմալ քվեարկություն։ Ես ուզում եմ հուսալ, որ բոլոր քաղաքական ուժերը հավատարիմ կմնան իրենց պայմանավորվածություններին, կհարգեն իրենց քաղաքական պայմանավորվածությունները և իրենց խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի վարչապետ, այնուհետև իրավունքի ուժով խորհրդարանը կլուծարվի և կմիացվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։

Նշենք, որ Ազգային ժողովում վարչապետի թեկնածու կարող են առաջադրել պատգամավորների առնվազն 1/3-ը։

Հարցին, թե Հանրապետականը, որն այդքան պատգամավոր խմբակցությունում դեռ պահպանել է, կարո՞ղ է վարչապետի թեկնածու առաջադրել, նման անակնկալ սպասո՞ւմ են, Զոհրաբյանը պատասխանեց. - «Ես ընդհանրապես քաղաքական գործընթացները տեսնում եմ ռեալ պոլիտիկի շրջանակում, բայց այն, ինչ տեղի ունեցավ երեկ, այդ ապոլիտիկ, իռացիոնալ, ոչ քաղաքական վերաբերմունքը՝ երբեմն տպավորություն է, որ քաղաքական ուժեր կան, ովքեր սիրում են պերմանենտ գնալ սուիցիդի՝ քաղաքական սուիցիդի ճանապարհով։ Այդուհանդերձ, ես ուզում եմ հուսալ, որ բոլոր քաղաքական ուժերը հավատարիմ կմնան իրենց հայտարարություններին, իրենց պայմանավորվածություններին, և որևէ ֆորս մաժորներ ամսի 1-ին չի լինի, այսինքն՝ կլինի ֆորմալ քննարկում և, բնականաբար, չի լինի քվեարկություն, այսինքն՝ վարչապետ չի ընտրվի Նիկոլ Փաշինյանը, ինչը նշանակում է, որ իրավունքի ուժով խորհրդարանը կլուծարվի և կմիացվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամացույցը։ Սա սթափ տրամաբանությունն է, և, չգիտես ինչու, ես վստահ եմ, որ պերմանենտ սուիցիդի ճանապարհով Հանրապետական կուսակցությունը այդուհանդերձ չի գնա»։

Նշենք, որ եթե այս անգամ էլ վարչապետ չընտրվի, Ազգային ժողովն իրավունքի ուժով կլուծարվի և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG