Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ

Ձայների 0 կողմ, 1 դեմ և 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանն այսօր չընտրվեց վարչապետ։

Ուշագրավ է, որ որևէ պատգամավոր կողմ չքվեարկեց, իսկ միակ դեմ քվեարկածը գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր:

Քվեարկությունից հետո Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը կատակեց՝ շնորհավորելով Փաշինյանին․ - «Փաստորեն կողմ 0, դեմ 1 պատգամավոր և ձեռնպահ 11, և որոշումը չի ընդունվել: Շնորհավորում եմ չընդունված որոշման կապակցությամբ»:

Նշենք, որ քվեարկությունից առաջ Նիկոլ Փաշինյանը ելույթում հայտարարեց, որ իր առաջադրումը վարչապետի պաշտոնում կրում է զուտ ֆորմալ բնույթ․ առաջադրվել է, որպեսզի խուսափի շահարկումներից:

Փաշինյանը փակագծեր բացեց՝ տեղեկացնելով, որ հավաստի ինֆորմացիա են ստացել այն մասին, թե որոշ մարդիկ ակտիվ բանակցել են, որ Սահմանադրական դատարանը որոշում կայացնի՝ եթե վարչապետի թեկնածու չի առաջադրվել և այդ հարցով քվեարկություն չի եղել, ուրեմն դա չի կարող հիմք դառնալ Ազգային ժողովը լուծարելու համար։

Փաշինյանը հորդորեց Հանրապետականին վերջ դնել դավադիր կեցվածքին և հասկանալ, այլևս վերադարձ անցյալին չի լինելու:

Սահմանադրության համաձայն, վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք 7 օր հետո կրկին առաջադրվելու է, Փաշինյանն ասաց, որ վերջնական որոշում չի կայացրել, կարող է նաև չառաջադրվել․ - «Չեմ բացառում, որ կառաջադրվեմ, բայց չեմ էլ ասում հաստատ, որ կառաջադրվեմ, որովհետև էնտեղ (Սահմանադրության մեջ) ձևակերպումը էնպիսին է, որ առաջին ընտրության համար մի քիչ այլ բառապաշար է օգտագործվում: Քվեարկությունը առաջինի դեպքում է միայն օգտագործված, բայց չի բացառվում, որ, օրինակ, գիտեք անկեղծ ասեմ, էն ինչ, որ էսօր ասեցի, շատ կարևոր էր ամբիոն ունենալ դա ասելու համար, և ինձ համար էս քննարկումը կարևոր էր էդ ելույթը ունենալու համար, որովհետև շատ կարևոր ասելիք կար, որ ես ուզում էի անպայման ասեի: Եթե էս առիթը չլիներ, պետք է հանրահավաք անեի»:

Քվեարակությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ Փաշինյանն ասաց, որ այլ կուսակցությունների հետ դաշինք չեն կազմի, կպահպանեն «Իմ քայլը» դաշինքի ֆորմատը, իսկ ցուցակը կգլխավորի հենց ինքը։

Նա չբացառեց, որ իրենց նախընտրական ցուցակում կարող են լինել նախկին իշխանության անդամներ: Օրինակ չի բացառվում, որ ընդգրկված լինի Հանրապետական խմբակցության նախկին անդամ Շիրակ Թորոսյանը:

Փաշինյանը, սակայն, բացառեց իրենց ցուցակում Գևորգ Կոստանյանի ներկայությունը․ - «Կարծում եմ, հնարավոր է դաշինք լինի, որպեսզի մենք հանդես գանք «Իմ քայլը» անունով: Գիտեք, տարբեր տեղերից անհատներ կարող են լինել, բայց կուսակցական պայմանավորվածություն՝ ոչ»:

Անդրադառնալով Ընտրական օրեսնգրքի փոփոխություններին, որոնց ընդունումն այս շաբաթ տապալվեց խորհրդարանում՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գործող Ընտրական օրենսգրքով գնալը ձեռնտու է միայն իրենց, այսինքն գործող իշխանությանը: Նա նաև իր ելույթում ընդգծեց, որ նույնիսկ հին օրենսգրքով ժողովրդի իշխանությունը հաղթելու է, իսկ ինչ վերաբերում է Հանրապետականին, եթե օրենսգիրքը չփոխվի, ապա այդ կուսկացությունը նոր խորհրդարանում հայտնվելու շանս չի ունենա:

«Հարգելի հանրապետականներ, ձեզ անընդհատ սխալ ուղղությամբ են տանում, որովհետև էդ հին Ընտրական օրենսգիրքը պահելով՝ դուք մեզ մեծ ծառայություն եք մատուցում, որովհետև մենք ինչի՞ ենք ուզում Ընտրական օրենսգիրքը փոխել, որպեսզի ընտրական պրոցեսը, հնարավորինս քաղաքական բանավեճի տրամաբանության մեջ դնենք: Ընտրությունները մենք ուզենք-չուզենք լինելու է սև ու սպիտակ տրամաբանությամբ: Դուք 0 ձայն եք ստանալու: Ձեր միակ շանսը հնարավորինս քաղաքականացնեք, որպեսզի մենք փակված համարենք էդ հիմ թեման», - ասաց Փաշինյանը: