«Մարտի 1»-ի գործը մինչև վերջին անկյունը բացահայտվելու է, այսօր Ազգային ժողովում՝ վարչապետի ընտրության հարցով նիստի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նա կոչ արեց հոգեբանորեն պատրաստվել բացահայտմանը։
«Որևէ մեկը Հայաստանում չի ուզում տեսնել անողնաշար, անկարծիք, որոշոմներ կայացնելու անընդունակ, ամեն քննադատությունից ճկվող, ամեն հարվածից քանդվող և նոկաուտի ենթարկվող կառավարություն։ Ես հույս ունեմ, որ ոչ մեկ չի ուզում այդպիսի կառավարություն ունենալ։ Ցանկացած երկրի համար աղետը թույլ կառավարությունն է, թույլ իշխանությունն է։ Մեր իշխանությունը լինելու է սկզբունքային, այնտեղ, որտեղ պետք է հարվածի, հարվածելու է, այնտեղ, որտեղ պետք է հարվածներ ստանա, ստանալու է այդ հարվածները և ամուր կանգնելու է իր ոտքերի վրա և մի միլիմետր չի շեղվելու ճշմարտությունից, չի շեղվելու ծառայությունից, առաքելությունից», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Որևէ մեկը չկասկածի, որ «Մարտի 1»-ի դեպքը մինչև վերջ, մինչև վերջին անկյունները բացահայտվելու են, և ես բոլորիս ուղղակի կոչ եմ անում հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենին, ինչ, ես հուսով եմ, առաջիկայում կիմանաք, և ոչ միայն այս գործով»։
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի քրեական գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:
Ազատ արձակումից հետո նախկին նախագահը հայտարարեց ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին։
Այս գործով որպես մեղադրյալներ ներգրավվել են նաև այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և Յուրի Խաչատուրովը, ով 2008-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։