Ընտրակաշառքի փաստով նոր քրեական գործեր են հարուցվել

Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ), Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք բաժանելու փաստով ևս երկու քրեական գործ է հարուցվել:

Նախնական տեղեկություններով, ընտրություններին մասնակից ուժերից մեկի օգտին քվեարկելու դիմաց քաղաքացիներին առաջարկվել է 50-60 հազար դրամ: Ավելի վաղ դատախազությունը ՀՔԾ էր ուղարկել ընտրակաշառքի վերաբերյալ չորս գործ: Դարձյալ նշվում էր, որ քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկելու դիմաց մի ընտրողի առաջարկվել է 60 հազար դրամ, իսկ մյուսին խոստացվել էր վճարել ջրի 150 հազար դրամ վարձի կեսը:

ՀՔԾ-ից չեն մանրամասնում, թե վարույթ ընդունված վերջին երկու դեպքով որ ուժի օգտին է առաջարկվել ընտրակաշառքը՝ դա պատճառաբանելով նախաքննության շահերով:

Սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններին մասնակից քաղաքական ուժերից դեռևս միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ է կապվել ընտրակաշառք բաժանելու մեկ ահազանգ:

Դեպքը տեղի է ունեցել ընտրություների նախօրեն՝ սեպտեմբերի 22-ին: Այդ օրը ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում գումար են բաժանում։ Այս գործի քննությունը դեռ չի ավարտվել:

ԲՀԿ անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը շարունակում է պնդել, թե հարուցվող քրեական գործերը իրենց հետ առնչություն չունեն․ - «Վերահաստատում եմ ևս մեկ անգամ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ընտրակաշառք չի բաժանել: Թե ինչպիսի ահազանգեր են հնչել, ինչպիսի տեղեկատվություն, երբեմն չհիմնավորված, երբեմն՝ հիմնական կեղծ, դրան չեմ կարող արձագանքել, բայց որևէ դեպք չի եղել մեր կողմից»:

Ավելին՝ ԲՀԿ-ականները, Տոնոյանի փոխանցամբ, իրավապահներին հորդորել են, որ ընտրկաշառքի առնչությամբ իրենց հասցեին հնչող կասկածներն ու պնդումները քննության առարկա դարձնեն․ - «Նաև եղեկ են դեպքեր, որ այդ հարթակներում զետեղված տեղեկատվությունները այն մասին, թե իբր «Բարգավաճ Հայաստանը» կաշառք է բաժանում, նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուներն էին բարձրաձայնել այդ խոսակցությունների մասին, հորդորել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի հետամուտ լինեն այդ հայտարարություններին: Եթե չկա համապատասխան հանցակազմ, չկա փաստ, որ որևէ դեպքում ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել, նաև այդ անձինք պատասխանատվության ենթարկվեն»:

Ընտրակաշառքի և այլ ընտրախախտումների մասին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին և դրանից առաջ կոշտ ելույթներ ունեցավ վարչապետ Փաշինյանը: Գործադիրի ղեկավարը բազմիցս շեշտել էր, որ ընտրակաշառք առաջարկողները խստագույնս կպատժվեն: «Ազատության» հետ զրույցում նախօրեին վարչապետն անդրադարձավ Հատուկ քննաչկան ծառայության վարույթում գտնվող գործերին:

Հարցին, թե արդյոք այս հաղորդումներն ու ահազանգերը փաստում են այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր հետևություն չեն արել իր խիստ նախազգուշացումներից, վարչապետը պատասխանեց․ - «Անկեղծ ասած, էդ քրեական գործերի մանրամասներից տեղյակ չեմ, տեղյակ եմ էնքանով, ինչքանով որ մամուլում հրապարակումներ են եղել, այնպես էր չեմ կարող մեկնաբանել»:

Մինչև Երևանի ավագանու ընտրությունները Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ կատարվեցին: Ընտրախախտումների պատժաչափերը խստացվեցին․ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ուրիշի փոխարեն քվեարկելու համար սահմանվել է մինչև վեց տարվա ազատազրկում: