Մատչելիության հղումներ

ԲՀԿ շտաբում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության դեպքով մեղադրանք է առաջադրվել Աջափնյակի թաղապետի տեղակալին. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Աջափնյակի թաղապետի տեղակալ Գրիգորի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և արդարադատությանը ու քննությանը խոչընդոտելու համար։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Տռուզյանի խոսքով՝ Գրիգորյանը ձերբակալված է սեպտեմբերի 25-ից:

Դեպքը տեղի էր ունեցել Երևանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ։

Քննչական կոմիտեն այսօր հաղորդեց, որ ԲՀԿ Աջափնյակի շտաբում քննչական գործողությունների ընթացքում Գրիգորի Գրիգորյանը չի ենթարկվել ոստիկանության ներկայացուցիչների պահանջներին և նրանց նկատմամբ բռնություն է գործադրել:

«Գրիգորյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չէ, այլ համակիր է և նախկինում եղել է ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ», - «Ազատությանը» փոխանցեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։

Սեպտեմբերի 22-ի երեկոյան ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ Երևանի Աջափնյակ համայնքում՝ Գևորգ Չաուշի հուշարձանի հարևանությամբ գտնվող բիլիարդի սրահում, որը հանդիսանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբ, գումար են բաժանում։ Իրավապահները մեկնել էին դեպքի վայր՝ զննություն կատարելու։

Ըստ Քննչական կոմիտեի, նախընտրական շտաբում քննչական գործողություններին մասնակցել են նաև Երևանի վարչության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները՝ ծառայություն իրականացնելով շտաբի մուտքի դռան մոտ, որպեսզի արգելեն քննչական գործողությանը չմասնակցող քաղաքացիների մուտքը շտաբի տարածք։

Ըստ նախաքննական մարմնի, երբ ոստիկանության աշխատակիցները զննության արձանագրությունը ներկայացրել են դրա մասնակիցներին, շտաբի աշխատանքները համակարգող Գրիգորի Գրիգորյանը կոչ է արել դռների մոտ հավաքված քաղաքացիներին ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ և վերցնել դեպքի վայրից առգրավված տեսախցիկների տեսագրման սարքը:

Քննչական կոմիտեի պնդմամբ, Գրիգորյանը անտեսել է ոստիկանության պահանջը՝ շտաբից դուրս գալ և չխորընդոտել իրենց աշխատանքը։ «Քաշքշուկ հրահրելով՝ նա վնասել է մուտքի դռան փեղկը՝ այդկերպ հնարավորություն տալով դրսում գտնվող 30-40 մարդու ներս մտնել», - ասված է քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

«Միջադեպին ներկա գտնվող անձինք, հայհոյելով եւ բղավելով, բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ», - հաղորդում է Քննչական կոմիտեն։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որը սեպտեմբերի 22-ին ևս գտնվել է ԲՀԿ շտաբում, ասաց, թե որևէ բռնություն չի եղել․ - «10-12 պատգամավորով էնտեղ ենք եղել, և բռնություն ոստիկանների նկատմամբ չէր էլ կարող լինել, որովհետև իրանք և՛ քանակապես էին շատ, և՛ էդպիսի իրադրություն չկար: Պարզապես իրարանցում տեղի ունեցավ․․․ Համենայն դեպս, բռնություն չի եղել, թեթևակի իրարանցում ա եղել, որևէ մեկը որևէ մեկի չի հարվածել, մենք ընկած բաժանում էինք ընդամենը, որ կռիվ չլինի»:

«Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար», - հաղորդում է Քննչական կոմիտեն։

XS
SM
MD
LG