«Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ», - ասված է այսօր առավոտյան Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում: Լևոն Երանոսյանը մեղադրանքը չի ընդունում, նա ստորագրություն է տվել չհեռանալու մասին։
Ըստ ՀՔԾ-ի, գեներալ-լեյտենանտը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է հանրորեն վտանգավոր արարքներ և էական վնաս է պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին:
Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Լևոն Երանոսյանը, չի ունեցել հատուկ որակավորում և հետևաբար չի ունեցել «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, բայց խախտել է դրանց կիրառման չափանիշները՝ չպահպանելով մարդկանցից առնվազն 2,5 մետր հեռավորությունը հեղափոխության օրերին՝ ապրիլի 16-ին Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ։ Սրա հետևանքով ավելի քան 40 հոգի ստացել են տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ, տուժել է նաև ոստիկանության զորքերի 6 զինծառայող։
Երանոսյանը նույն կերպ է վարվել ապրիլի 22-ին Արցախի պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ։ Այդ օրը Երանոսյանը ցուցարարների դեմ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակն, ևս 6 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ:
Մեղադրանքն առաջադրելուց հետո նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանը, վկայակոչելով Երանոսյանի ցուցմունքը, «Ազատությանն» ասաց, որ հեղափոխության օրերին թե՛ Բաղրամյան պողոտայում, թե՛ Արցախի փողոցում ստեղծված իրադրությունն այնպիսին էր, որ կային հատուկ միջոցներ կիրառելու պայմաններ, հիմքեր և այդ միջոցները կիրառվել են։
Ըստ փաստաբանի, դա եղել է այն ժամանակ, երբ ցուցարարներից ոմանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ․ - «Ոստիկանության ցանկացած ծառայող հրազեն, հատուկ միջոցներ կիրառելու իրավունք, որոշ դեպքերում նաև պարտականություն ունի օրենքով նախատեսված նախապայմանների առկայության դեպքում: Պարտադիր չի, որ նրանք հրաման տալու դեպքում որոշեն կիրառել հրազեն կամ հատուկ միջոց: Պարոն Երանոսյանը իր ցուցմունքում հակիրճ նշել է, որ ստեղծված իրադրությունը այնպիսին էր, որ կային կիրառելու պայմաններ, հիմքեր, և հատուկ միջոցները կիրառվել են»:
Փաստաբանի շեշտադրմամբ՝ հատուկ միջոցները կիրառվել են բախումները կանխելու համար․ - «Բաղրամյանում հստակ երևում է և ըստ ցուցմունքի, Արցախի պողոտայում էլ են տեղի ունեցել բախումներ, և այդ բախումները կանխելու, դրանք ավելի մեծ զանգվածային անկարգությունների չվերածելու նպատակով կիրառվել են հատուկ միջոցներ»։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նախկին իշխնությունների օրոք տիրող ամենաթողության պատճառով է, որ Երանոսյանը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց նման արարքներ են թույլ տվել․ - «Փաստորեն նրանք պայմաններ ստեղծեցին, որպեսզի այս մարդիկ, ովքեր որ կարող էին լինել նորմալ զինվորականներ, կարող էին լինել նորմալ մարդիկ, կարող էին ապրել իրենց կյանքը նորմալ, դարձրեցին էս մարդկանց հանցագործներ: Ճիշտ է, Լևոն Երանոսյանը էն ամենահասարակ զինվորներից չի, որին կարելի է առանձնացնել և ասել, որ․․․ արդարացումներ գտնել: Ինքը եղել է նվիրյալը էն իրականության, եղել է էն իրականության կերտողներից մեկը, ինքը և իր նմանները, բայց միևնույն է՝ իրենք հենց էդ իրականության ծնունդն են»:
Իրավապաշտպանը հիշում է Երանոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած բոլոր միջադեպերը, որոնք նախկին իշխանությունների օրոք այդպես էլ քննության չառնվեցին կամ տարբեր պատրվակներով փակվեցին․ - «Նախկինում ամենավերին մակարդակներով նրանց վստահություն են ներշնչել՝ արեք ամեն ինչ, ձեզ կարելի է ամեն ինչ, և դուք պատասխան չեք տալու: Նրանք հավատացել են դրան: Բոլոր օլիգարխները, ովքեր մասնակցել են բոլոր ընտրությունների ժամանակ ծեծուջարդերին, ովքեր մարդկանց էին գողանում, ովքեր ընտրատուփերն էին գողանում, ովքեր կրակում էին վերջին հաշվով, նրանց բոլորին ասվել էր, որ նրանց դա կարելի է: Որևէ մեկը չի արել մի բան, ինչը որ նրանց թույլ չեն տվել: Նրանց խրախուսել են էդ ամեն ինչի համար: Հիմա նրանց համար անակնկալ է, որ ստիպված պետք է պատասխան տան»:
Լևոն Երանոսյանն անցած տարիներին պարբերաբար հայտնվում էր հանրության քննադատության թիրախում։ Մասնավորապես 2015-ին «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ նաև նրա հրամանով ուժ գործադրվեց լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, վնասվեց լրագրողների տեխնիկան։
Նույնը տեղի ունեցավ 2016-ին ՊՊԾ գնդի գրավման օրերին։ Ականատեսների վկայությամբ, հենց նրա հրամանով բռնության ենթարկվեցին լրատվամիջոցների ներկայացուցիչները։
ՊՊԾ գնդի գրավման օրերին համացանցում հայտնեցին կադրեր, թե ինչպես է Երանոսյանը հայհոյում պատգամավոր Զարուհի Փոստանջյանին։ Ի դեպ, այդ ժամանակ ևս ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ։