Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ քննչական գործողությունների մասնակցելու համար։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
ՀՔԾ-ն այլ մանրամասներ չի փոխանցում, մասնավորապես, թե ի՞նչ քրեական գործի շրջանակներում է Երանոսյանը հարցաքննվել և ի՞նչ կարգավիճակ ունի այդ գործով։
2016-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո Խորենացի փողոցում և Սարի թաղում ծավալված բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները համակարգում էր նաև Հայաստանի այդ ժամանակվա փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։
Սարի թաղում ոստիկանների և բնակիչների միջև բախում տեղի ունեցավ, ոստիկանությունը նաև հատուկ միջոցներ կիրառեց։ Այդ օրերին քննադատության ենթարկվեցին բարձրաստիճան ոստիկաններ՝ մասնավորապես, այդ ժամանակ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։
Վերջինս, ըստ առկա տեսագրությունների, նույնիսկ սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել այդ ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին: