Քաղաքացիները «մեծ աջակցություն են ցուցաբերվում» «Զիբիլիքսի» վերաբացված գործի քննությանը

ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալԴավիթ Կոստանդյան:

«Զիբիլիքսի» գործով Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեղադրանք է առաջադրել 11 անձի։ Գլխավոր դերերում Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանն են։

Մոտ 3 ամիս քննելով վերաբացված գործը՝ ՀՔԾ-ում պարզել են, որ Հ. Ա.-ն, նույն ինքը՝ Հրայր Անտոնյանը, 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Հանրապետականի օգտին առավելագույն քվեներ ապահովելու համար 10 հազարական դրամ կաշառք է բաժանել ընտրողներին։

Անտոնյանը, որն այդ ժամանակ գլխավորում էր քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեի նախընտրական շտաբը, այս հարցում համագործակցել է «ՍԱՍ Գրուպ» ընկերությանը սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանի հետ։

«Երկուսով ղեկավարել են Արաբկիր վարչական շրջանում գործող շտաբը, ունեցել են ենթաշտաբերի պետեր, կատարվել է աշխատանքի բաժանում, յուրաքանչյուր տարածքում ունեցել են իրենց պատասխանատուները՝ ըստ ընտրատեղամասերի, և նրանց միջոցով ապահովել են Հանրապետական կուսակցության համար համապատասխան քվեները, որի դիմաց գումարներ են բաժանել», - ասաց Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալԴավիթ Կոստանդյանը:

Նա հավելեց, որ բոլոր 11-ն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքն ու խոստովանական ցուցմունք են տվել։ Իսկ գլխավոր դերակատարները՝ հանրապետականներ Հրայր Անտոնյանն ու Ստեփան Սահակյանը, պատմել են նաև, որ բնակիչներին բաժանված գումարները հատկացրել են սեփական միջոցներից։ Անտոնյանն այս նպատակով 48, իսկ Սահակյանը՝ 15 միլիոն դրամ է ներդրել։

Ուշագրավ է նաև, որ հանցագործությունը բացահայտելու համար հիմք են դարձել հենց քաղաքացիների ցուցմունքները։

Ըստ Դավիթ Կոստնադյանի՝ նրանք, ովքեր նախկինում վախենում էին խոստովանել կաշառք ստանալու մասին, այժմ ակտիվ համագործակցում են իրավապահների հետ․ - «Քաղաքացիների կողմից բավականին մեծ աջակցություն է ցուցաբերվում քննությանը: Հենց այն հանգամանքը, որ քաղաքացիները նշում են, որ գումար են ստացել կամ Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար որևէ գործողություն է կատարվել, դա արդեն իսկ շատ լուրջ պատճառ է հանդիսանում, որպեսզի հանցագործությունները բացահայտվեն: Իսկ նախկինում համատարած հերքել են, որ որևէ առնչություն են ունեցել այդ ցուցակներում մշված անձանց հետ»:

Թե Արաբկիր համայնքում քանի հոգի է ի վերջո կաշառք ստացել ու դրա դիմաց իր քվեն տվել Տարոն Մարգարյանին, քննիչն առայժմ թվեր չի հրապարակում։

Սակայն, որ դեռ 1 տարի առաջ, երբ «Ելք»-ը բացահայտեց «Զիբիլիքսը», խոսքը մոտ 30 էջ ծավալով ցուցակների և այլ նյութերի մասին էր։ Դրանք գտնվել էին Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող շտաբի կողքի աղբամաննեից՝ նախընտրական քարոզչության վերջին օրը։ Դրանցում, «Ելք»-ի պնդմամբ, գումար ստացողների անուններն էին ու կաշառք բաժանելու ուղեցույցը։

ՀՔԾ ներկայացուցիչն այսօր նաև հայտնեց, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը այս գործի շրջանակում դեռ չի հարցաքննվել։

Դավիթ Կոստանդյանը, սակայն, չբացառեց, որ առաջիկայում «Զիբիլիքսի» հետ կապված հնարավոր է նոր հայտնի անուններ հնչեն․ - «Ոչինչ չեն կարող բացառել, քանի որ նախաքննություն է ընթանում: Եթե որևէ ակնկալիք չլիներ, քրեական գործով վարույթը կկարճվեր»:

Իրավապահների բացահայտումը նորություն չէր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի համար:

«Դեռ մեկ տարի առաջ էինք մենք խոսում այս մեխանիզմի մասին», - ասում է պատգամավորն ու հավելում, որ եթե սլաքները տանում են դեպի վերև, ապա արդարադատության առաջ պետք է կանգնի նաև նախկին քաղաքապետը։

Մարուքյանը նաև վստահ է՝ եթե 2017-ին չլիներ ընտրակաշառքը, Հանրապետականը քաղաքային իշխանություն չէր ձևավորի․ - «Եթե ընտրակեղծիքներ չլինեին, մենք կարող էինք հաղթել: Ուղղակի այդ ժամանակ, բացի ընտրակեղծիքները, նաև Երևանում շատ ցածր ընտրական ներկայություն կար: Եթե չեմ սխալվում, մոտավորապես 40 տոկոսն էր մասնակցել ընտրություններին: Ըստ էության, գնացել էին ընտրության նրանք, ովքեր փողով կամ չգիտեմ ոնց ընտրում էին իշխանությանը»:

Վերադառնալով 11 մեղադրյաներին՝ նշեմ, որ նրանց գործն արդեն ուղարկվել է դատախազություն՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

«Զիբիլիքսի» գործում ևս մեկ ուշագրավ դրվագ կար՝ աղբամանից գտնված թղթերից մեկը Հանրապետականի շտաբ է ուղարկվել ոստիկանության ֆաքսի համարից, որտեղ նշված են եղել ոստիկանների անուն-ազգանունները, կոչումը, պաշտոնը, և թե որը քանի ձայն է բերելու:

Խոսելով այս փաստից քննիչն ասաց, որ բոլոր ոստիկանները հարցաքննվել են, նախաքննության շահերից ելնելով առայժմ մանրամասներ չեն հրապարակվում։

Նշեմ նաև, որ «Ազատությունը» փորձեց զրուցել քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանի և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանի հետ, սակայն օրվա ընթացքում մեզ չհաջողվեց նրանց հետ կապ հաստատել: