Մատչելիության հղումներ

«Զիբիլիքս» քրեական գործի շրջանակներում 11 անձի մեղադրանք է առաջադրվել


«Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 11 անձի մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու համար, հայտարարում է Հատուկ քննչական ծառայությունը:

Ըստ առաջադրված մեղադրանքների` 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրված է եղել կուսակցության Արաբկիր վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հ. Ա.-ն, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը: Նախընտրական շտաբի աշխատանքներում իրեն աջակցելու նպատակով Հ. Ա.-ն դիմել է «ՍԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող սուպերմարկետների ցանցի տնօրեն Ս. Ս.-ին: Վերջիններս համատեղ կազմակերպել և ղեկավարել են նախընտրական շտաբի աշխատանքները:

Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից ՀՀԿ-ի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` Հ. Ա.-ն մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, մասնավորապես՝ ընտրողներին մեկ քվեի համար որպես կաշառք տալ 10 հազար դրամ: Այդ, ինչպես նաև նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծված ենթաշտաբերի ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով Հ. Ա.-ն ներդրել է 100 հազար դոլար գումար, ինչպես նաև նույն նպատակներով օգտագործելու համար Ս. Ս.-ի կողմից 2017 թվականի մայիս ամսվա սկզբին տրամադրված 15 միլիոն դրամ գումարը:

Հ. Ա.-ն և Ս. Ս.-ն ներդրված գումարը որոշակի խմբաքանակներով (1.350.000 ՀՀ դրամից մինչև 8.250.000 ՀՀ դրամ) նախընտրական փուլում՝ 2017 թվականի մայիսի սկզբից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, բաշխել են պայմանականորեն որպես ենթաշտաբերի և ընտրատեղամասերի պատասխանատուներ նշանակված, Արաբկիր վարչական շրջանի առանձին տեղամասերում ընտրողների վստահությունը վայելող իրենց համախոհներին՝ նրանց օժանդակությամբ կաշառքի գումարներն ընտրողներին հասցեական տալու և իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար:

Հ. Ա.-ից և Ս. Ս.-ից ստանալով ընտրողների համար նախատեսված կաշառքի գումարները` ենթաշտաբերի և տեղամասերի պատասխանատուները Արաբկիր վարչական շրջանի մի խումբ ընտրողների որպես կաշառք տվել են մեկ քվեի դիմաց 10 հազարական դրամ:

«Հ. Ա.-ի, Ս. Ս.-ի և նրանց օժանդակող անձանց հիշյալ գործողություններով խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքի էությունը»,- հայտարարում է ՀՔԾ-ն:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Ա.-ին և Ս. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի համար կաշառք տալը), ևս 9 անձի մեղադրանքներ են առաջադրվել 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հանցագործության կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու նպատակով քրեական գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG