Իշխանափոխությունից հետո վերաբացված՝ «Զիբիլիքս» անվանումը ստացած քրեական գործի շրջանակներում իրավապահները ձերբակալել են Երևանի բնակիչ Հեղինե Փոգրարյանին։
Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, 56-ամյա կինը Երևանի ավագանու՝ անցած տարվա մայիսին կայացած ընտրություններից առաջ ընտրողներ Հ. Ս.-ին ու նրա կնոջը խոստացել է 10 հազարական դրամ կաշառք՝ ավագանու անդամի թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին քվեարկելու համար: Հատուկ քննչական ծառայությունն այլ մանրամասներ չի հաղորդում, նշվում է միայն, որ նախաքննությունը շարունակվում է:
Անցած տարի Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության վերջին օրը «Ելք» դաշինքը իրավապահներին «հանցագործության մասին հաղորդում էր» ներկայացրել՝ դրան կցելով հանրապետական Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ տեղադրված աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք, ընդդիմադիր դաշինքի պնդմամբ, վկայում էին, որ այն ժամանակ իշխող Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ:
Ընտրություններում «Ելքի» ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը բողոք էր ներկայացրել գլխավոր դատախազություն, հարուցվել էր քրեական գործ, սակայն կարճ ժամանակ անց այն կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ։ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխության հաղթանակից հետո գործը վերաբացվեց։
«Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իրավապահները չպետք է սահմանափակվեն միայն մեկ ձերբակալությամբ։ «Եկար ժամանակ մենք փորձում էինք հասնել նրան, որ այդ փաստերն ուսումնասիրվեն, սակայն անարդյունք: Ըստ էության, սա առաջին արդյունքն է: Տասնյակ մարդիկ կարող են հայտնաբերվել, ովքեր ինչ-որ կերպ մասնակցել են ընտրակաշառքի բաժանմանը կամ ստացմանը»,- ասաց Նազարյանը:
Պատգամավորը չի բացառում, որ ընտրակաշառքի բաժանման գործում կարող է ներգրավված լինել նաև ամսվա սկզբին քաղաքապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Տարոն Մարգարյանը: «Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ եղել է քաղաքական առումով պատասխանատու անձ, և պետք է գտնել նրա հետ կապը: Ամենայն հավանականությամբ, դա կարող է լինել Տարոն Մարգարյանը, որովհետև ես չեմ կարծում, որ այդ մարդիկ հանկարծ մի օր արթնացել են և իրենք իրենց որոշել են ինքնակազմակերպվել ու ընտրակաշառք բաժանել: Այդ մարդիկ պետք է որ ուղղորդված լինեն կոնկրետ քաղաքական գործչի կողմից կամ կոնկրետ թեկնածուի կողմից: Հտևաբար՝ իրավապահ մարմինները պետք է հայտնաբերեն այդ կապերը, որպեսզի գործը համավի վերջնականապես բացահայտված»,- շարունակեց Լենա Նազարյանը:
«Ելք» դաշինքի պնդմամբ, ավագանու ընտրություններին ընտրակաշառքի բաժանման գործընթացում ներգրավված են եղել նաև իրավապահները․ Մարգարյանի շտաբի մոտի աղբարկղից հայտնաբերված թղթերից մեկը Հանրապետականի շտաբ է ուղարկվել ոստիկանության ֆաքսի համարից, որտեղ նշված են եղել ոստիկանների անուն-ազգանուններ, կոչումներ, պաշտոններ և տեղեկություններ այն մասին, թե ով քանի ձայն է «բերելու»: «Ելք»-ի պատգամավոր Լենա Նազարյանի պնդմամբ՝ իրավապահները պետք է հարցաքննության կանչեն նաև այդ ցուցակներում տեղ գտած ոստիկաններին։
2017-ի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակ տարավ ՀՀԿ-ն՝ ստանալով ընտրողների քվեների մոտ 70 տոկոսը։ Երևանի հանրապետական քաղաքապետը հրաժարական տվեց հուլիսի 9-ին՝ առանց բացատրելու իր որոշման դրդապատճառը: