Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչպես է գնահատում ավագանու ընտրություններին իր հաղթանակի շանսերը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներից մեկում հայտարարել էր, որ «հարգում է բոլոր թեկնածուներին, բայց չկա մեկը, որ լինի ավելի սիրելի և մոտ ժողովրդին այնքան, ինչքան Հայկ Մարությանն է», Հովհաննիսյանն արձագանքեց. - «Եթե լուռ մեծամասնությունը, ոչ ակտիվ, ոչ անպայման հրապարակային մեծամասնությունը մասնակցի իր խղճի մտոք, ազատ ընտրի, առանց նախապաշարումների, ես կարծում եմ, որ մենք կունենանք գուցե ոմանց համար անակնկալ արդյունք, որտեղ կունենանք առողջ ներկայացվածություն տարբեր ուժերի՝ նոր Երևանի նոր ավագանի»:
Ի պատասխան «Ազատության» մեկ այլ հարցի, թե արդյոք պատրաստ է մյուս 11 քաղաքապետի թեկնածուների հետ բանավեճի մասնակցել, Հովհաննիսյանն ասաց, որ պատրաստ է անգամ կեսի հետ բանավիճել, եթե նման առաջարկ լինի՝ հավելելով․ - «Ոմանք, ովքեր խոսում են դեբատների, բանավեճերի մասին, եղել են այդ ցուցակից, որոնք հրաժարվել են մեզ հետ բանավեճից: Այնպես որ, հեշտ է խոսել բանավեճի մասնակցության մասին, մարտահրավեր նետել: Ես անձամբ պատրաստ եմ 12 ուժերի ներկայությամբ, բոլորի ներկայությամբ, դրանց կեսի ներկայությամբ․․․ մասնակցել՝ առանց նախապայմանի: Բայց հետաքրքիրը այն է, որ կան ուժեր, որոնք ձև են գտել չմասնակցել՝ դնելով այս կամ այն նախապայմանը, կամ անգամ հիմա բանավեճի առաջամարտիկի դերակատարման մեջ են, բայց իրենք են հրաժարվել բանավեճից»:
Նախքան քարոզարշավի մեկնարկը Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման կոչ էր արել քաղաքապետի մյուս թեկնածուներին։ Հանդիպմանը, սակայն, մասնակցեցին միայն քաղաքական ուժերի ավագանու թեկնածուները:
«Ժառանգության» քաղաքապետի թեկնածուն նշում է, որ քարոզարշավի ընթացքում բազմաթիվ խնդիրների են ականատես եղել, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են. - «Երևանում պիտի չլինի ոչ մի անկտուր, անօթևան կամ կյանքի համար վտանգավոր պայմաններում ապրող թեկուզ մի ընտանիք: Դա առաջինը: Երկրորդը, առողջ պիտի լինենք, արժանավայել նվազագույն պայմանները պիտի ունենանք: Իսկ դա վերաբերում է վերելակների, ճանապարհների, էկոլոգիական օդոլորտի, կանաչ տարածքների և այլն․․․ Աղբակույտերը, գարշահոտությունը, այդ վիճակը, որի մեջ ապրում են իրական երևանցիները, համաքաղաքային այս ախտը պետք է լուծվի: Դա պիտի լուծվի, այո՛, ծախսատար ծրագրերով, բայց պիտի ունենա Երևանը ուրբան քաղաքային վերամշակման մոտեցում, մեթոդաբանություն։ Երրորդը, մեր բոլոր ոլորտներում պետք է ներառականությունը դառնա չափանիշ»։
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը նշում է, թե իրենց կառավարման օրոք Երևանի բյուջեի հնարավոր ավելացում կարող է լինել՝ հատկապես շնորհիվ գույքահարկի վճարների։