Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման է հրավիրում Երևանի քաղաքապետի բոլոր թեկնածուներին


«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ
«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման է հրավիրում Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի բոլոր թեկնածուներին:

«Բոլորս լիահույս ենք, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները պետք է դառնան ամենաազատը, ամենաարդարն ու ամենաթափանցիկը Հայաստանի Հանրապետության վերջին գրեթե քառորդդարյա պատմության մեջ: Դրան զուգահեռ շատ կարևոր է, որպեսզի ընտրություններն անցնեն դրական միջավայրում՝ սիրո և համերաշխության հեղափոխության ոգուն ու Նոր Հայաստանի մասին ՀՀ քաղաքացիների՝ հատկապես երևանցիների պատկերացումներին հարիր», - ասված է Հովհաննիսյանը հայտարարությունում:

«Ժառանգության» հիմնադիրը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի ցուցակները գլխավորող անձանց կոչ է անում այս չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին, հանդիպել Ռազմավարական և ազգային հետազոտական կենտրոնի նիստերի դահլիճում և հրապարակավ՝ մամուլի ներկայությամբ, քննարկել ու ընդհանուր հայտարարի գալ առաջիկա ընտրությունները հավասարության, քաղաքավարության և փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում անցկացնելու սկզբունքների շուրջ:

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է Նաիրա Զոհրաբյանը, «Երևանի հանրություն» դաշինքինը՝ Անահիտ Թարխանյանը, «Երևանցիներ» դաշինքինը՝ Արարատ Զուրաբյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգությանը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությանը՝ Մանուել Գասպարյանը, «Իմ քայլը» դաշինքինը՝ Հայկ Մարությանը, «Լույս» դաշինքինը՝ Արտակ Զեյնալյանը, ՀՅ Դաշնակցություն կուսակցությանը՝ Միքայել Մանուկյանը, «Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությանը՝ Գևորգ Սանդալյանը,«Հայք» (Հայկազուններ) կուսակցությանը՝ Գևորգ Հովսեփյանը, Ռեֆորմիստների կուսակցությանը՝ Արտակ Ավետիսյանը, և«Օրինաց Երկիր» կուսակցությանը՝ Մհեր Շահգելդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG