Դիմումում նշվում է, որ Հարությունյանի դատավճիռը կայացվել է նախկին իշխանությունների ճնշման ներքո:
«Հայաստանը վերափոխվել է, այլևս չկա այդպիսի ճնշում, չկա այդպիսի կախվածություն: Բնական չէ՞, որ մենք հենց այդ հիմքով վերաբացենք գործը և արդար դատավարություն լինի: Իսկ արդար դատավարության ժամանակ, բնականաբար, Շանթ Հարությունյանը կարդարացվի», - ասաց «Նախաձեռնությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վարդան Թունյանը:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը պարզաբանում է, թե ինչու են պահանջում, որպեսզի գործի վերանայումը նախաձեռնի հենց դատախազությունը, այլ ոչ Շանթ Հարությունյանի պաշտպանները․ - «Վերջապես դատախազությունն է, որ մեղադրական է ներկայացրել Շանթ Հարությունյանին և ինքն էլ պետք է քայլեր ձեռնարկի դեռ հին Հայաստանի օրոք արված իր սխալը, իր հակաօրինական քայլերը ազատ քաղաքացու հանդեպ արդարադատություն իրականացնելու դեմ, ինքը պետք է դա շտկի»:
Դեռ հինգ տարի առաջ Շանթ Հարությունյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության Արժեքների հեղափոխություն էր նախաձեռնել:
2013 թվականի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդը և նրա ընկերները Երևանի Ազատության հրապարակից «անոնիմուսների երթ» էին սկսել, որը Մաշտոցի պողոտայում վերաճեց ոստիկանների հետ բախումների։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվեցին: «Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտվեց 14 մարդ։
Մինչև այժմ անազատության մեջ է միայն Շանթ Հարությունյանը: Խուլիգանության հոդվածով նա դատապարտվեց վեց տարվա ազատազրկման, որից մոտ հինգ տարին Հարությունյանն արդեն անցկացրել է ճաղերի հետևում:
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ նախկին իշխանությունները հայտարարում էին, թե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, բազմիցս է ասել, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է: Շահենը հարց է բարձրացնում՝ նոր Հայաստանում կարո՞ղ են լինել քաղաքական հայացքների համար դատապարտվածներ:
Վարապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ նշել էր, որ Հարությունյանին առաջարկվել է ազատ արձակել ցանկացած պահի, երբ նա համաձայնի ստորագրել պահման ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Շահեն Հարությունյանը պնդում է, որ նման առաջարկ եղել է անգամ Սերժ Սարգսյանի օրոք․ - «Սերժ Սարգսյանը չեն համարում Շանթին քաղբանտարկյալ և առաջարկում էր բաց ռեժիմ: Շանթը կրկին հրաժարվում էր, ասում էր՝ ես այդ թղթերը չեմ ստորագրի, ես չեմ ընդունի իմ մեղքը: Նույնիսկ Սերժ Սարգսյանի օրոք պայմանական ազատ արձակում է առաջարկվել, որը լրիվ ազատություն է: Շանթ Հարությունյանը կրկին մերժել է, չի ստորագրել այդ թղթերը: Հիմա՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք առաջարկվել է բացառապես բաց ռեժիմ, պայմանական էլ անգամ չի առաջարկվել: Առաջարկվել է բաց ռեժիմ, որը կրկին Շանթ Հարությունյանը պետք է մերժի, որովհետև նա չի ստորագրելու, որ նա կատարել է հանցագործություն»:
Շահեն Հարությունյանի կարծիքով, թե՛ նախկին, թե՛ այսօրվա իշխանություններին մտահոգում է Ռուսաստանի արձագանքը, և դա է պատճառը, որ իր հորն արդարացնող դատավճիռ մինչև այժմ չի կայացվել:
Հիշեցնեմ, Շանթ Հարությունյանը հայտնի է իր հակառուսական դիրքորոշմամբ և սուր քննադատում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: