Մատչելիության հղումներ

«Նոյեմբերի 5»-ի գործով երկու դատապարտյալները իրենց ռեժիմի փոփոխությունը կապում են նոր իշխանությունների հետ


2013 թվականի նոյեմբերի 5-ի իրադարձությունները Երևանում
2013 թվականի նոյեմբերի 5-ի իրադարձությունները Երևանում

«Արժեքների հեղափոխության» գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Վարդանյանն ու Լիպարիտ Պետրոսյանը իրենց մեկ ամսով արձակուրդ տալու որոշումն ու ըստ այդմ ազատության մեջ գտնվելը կապում են նոր իշխանությունների հետ։

Խուլիգանության մեղադրանքով դատապարտված Պետրոսյանի խափանման միջոցը փոխվել է, և կիսաբաց ռեժիմը մեկ ամսով փոխարինվել է բաց ռեժիմով։ Սոցիալական արձակուրդ կոչվող այս մեկ ամիսը 53-ամյա դատապարտյալը կանցկացնի տանը։

«Էն ժամանակ չէր աշխատում օրենքը, սելեկտիվ էր աշխատում, ոնց պատահի: Երբ որ ռեժիմը փոխվեց, արդեն զգացվում էր, անգամ վաղաժամկետ ազատվողները՝ եթե առաջ հանձնաժողովից հետո երկու, երեք, չորս, հինգ հոգի էր, ռեժիմի փոխվելուց հետո տաս, տասներկու, տասներեք հոգի ազատվում էին արդեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց Լիպարիտ Պետրոսյանը:

Տարիներ առաջ դատարանում մեղքը չընդունած Պետրոսյանն ասում է, որ այս մեկ ամսվա ընթացքում պետք է աշխատանք գտնի։ Գտնելու դեպքում արդեն մեկ ամիս անց՝ մինչև այս տարվա նոյեմբեր, այսինքն՝ պատժի ժամկետը լրանալը, կգիշերի բանտում, իսկ ցերեկը կանցկացնի ազատության մեջ՝ աշխատանքի կգնա։ Աշխատանք չգտնելու դեպքում, սակայն, ստիպված կլինի մնալ բանտում, մինչև պատժի ժամկետը լրանա։

«Ես, էդպես ա կոչվում, սոցիալական արձակուրդի մեջ եմ: Գնալու եմ արդեն, աշխատանք ունենալու դեպքում, եթե աշխատանք չունենամ, նորից ինձ կտեղափոխեն կիսափակ: Ցերեկը աշխատանքի, ասենք, ինչքան աշխատեմ, կամ ընտանիքիս հետ, ժամը 8-ին պետք ա ներկայանամ կալանավայր: Իսկ եթե խախտում անեմ՝ էդ ընթացքում, ասենք, խախտումներ անեմ, ինչ-որ խախտումներ, չգիտեմ՝ ուշանամ, 15 րոպե ուշանամ, ես նորից վերադառնում եմ կալանավայր», - մանրամասնեց նա:

Մինչև կալանավորումը Պետրոսյանը շինարարական ընկերություն էր ղեկավարում։ Ղեկավարի ազատազրկումից հետո այն պասիվացրել է աշխատանքը։ Լիպարիտ Պետրոսյանը հույս ունի, որ այս կարճ ժամանակահատվածում կկարողանա գործ գտնել։

Հիշեցնենք՝ 2013-ի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները «անոնիմուսների երթ» էին սկսել Երևանի Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճել էր ոստիկանների հետ բախումների։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվել և դատապարտվել էին ազատազրկման։ Դատարանը ապացուցված էր համարել, որ նրանք մայրաքաղաքի կենտրոնում մի խումբ անձանց հետ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել են խուլիգանություն, որի ընթացքում դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին։ «Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտվեց 14 մարդ։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 13-ի նկատմամբ ազատազրկման որոշում կայացրեց, մեկի՝ Միսաք Առաքելյանի նկատմամբ տուգանք կիրառեց։

Այդ գործով դատապարտված անձանցից ոչ ոք մեղքը չէր ընդունել։ Լիպարիտ Պետրոսյանը հիշում է 2013-ի նոյեմբերին մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցածը ու պնդում, որ իրենց խաղաղ ակցիան բախման վերածեցին ոստիկանները։

«Ոստիկանությունը ուժ չէր կիրառի մեր նկատմամբ՝ մենք էլ ադեկվատ պատասխան չէինք տա: Որովհետև զգուշացրել էինք, որ ադեկվատ պատասխան կտանք, եթե փորձեն մեր արժեքների հեղափոխությունը, որը սկսել էր Շանթ Հարությունյանը, խանգարեն: Որովհետև, իսկապես, անկախ նրանից՝ մեր ձեռքում փայտ կար, չկար, Շանթն էլ մի քանի անգամ ասել էր, որ մենք տեսել ենք «Մարտի 1», գիտենք, որ հնարավոր ա, որ մահակներով ոստիկանները կլինեն, կամ, ասենք, սադրիչները, մենք չենք փախնի՝ մենք կպաշտպանվենք», - պատմեց Պետրոսյանը:

Նույն պայմաններով բաց ռեժիմի իրավունք ստացած Վարդան Վարդանյանը ևս այն կարծիքին է, որ նման հնարավորություն հին իշխանությունների օրոք չէին ստանա։

«Իրանց ձեռը մնար՝ ոչ էլ կանեին, զուտ էն բանով, որ իշխանափոխություն ա եղել, իրանք էլ, ասենք, իրանք ինչքան էլ մինչև էդ չէին ընդունում, բայց հասկացան, որ քաղաքական բանտարկյալների հետ պիտի այլ կերպ վարվի, ու արագ-արագ․․․ Ես չեմ էլ իմացել, ինձ միամիտ կանչեցին, ասեցին՝ սենց բան ենք ուզում անենք, ասի՝ ուզում եք՝ արեք, ինչ կա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը:

Վարդան Վարդանյանը ևս դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ խուլիգանության մեղադրանքով։ Նրա պատժաչափը այս տարվա նոյեմբերին է լրանում։ Եթե նա ևս մեկ ամսվա ընթացքում աշխատանք չգտնի, մինչև նոյեմբեր ամբողջ օրը կանցկացնի բանտում։

Վարդան Վարդանյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որի վճռով Շանթ Հարությունյանն ու ընկերները մեղավոր են ճանաչվել, մերժել է վաղակետ ազատ արձակել իր պաշտպանյալին։

«Վարդան Վարդանյանի մասով դատավոր Մնացական Մարտիրոսյանը իր վերջին վատությունն էլ փորձեց անել՝ նրա նկատմամբ պայմանականը մերժելով, այն դեպքում, որ, ըստ էության, շատերի նկատմամբ նույն գործով կիրառվել էր՝ դատարաները բավարարել էին և թույլատրել էին պայմանական վաղակետ կիրառել», - ասաց փաստաբանը:

«Արժեքների հեղափոխության» գործով դատապարտված անձանցից այս պահին բանտում է գտնվում միայն երթը նախաձեռնած Շանթ Հարությունյանը, ով, նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանի փոխանցմամբ, բացառապես արդարացում է պահանջում։ Փաստաբանը նշեց, որ այս պահին ուղիներ են փնտրում նաև Շանթ Հարությունյանին ազատ արձակելու ուղղությամբ:

«Ակնհայտ է, որ այս քաղաքական փոփոխությունների հետևանքով սա տեղի ունեցավ, որովհետև պետք է երկրում չլինեն, ամեն դեպքում, քաղբանտարկյալներ: Այս պահին գոնե նրանք ազատ արձակվեցին, գոնե փոխվեց էդ ռեժիմը, բայց, կարծում եմ, ի վերջո պետք է արդարացվեն», - ասաց Ինեսսա Պետրոսյանը:

53-ամյա Շանթ Հարությունյանը նախօրեին բանտից բաց նամակ է հղել՝ կոչ անելով դադարեցնել անհնազանդության բոլոր այն միջոցառումները, որոնք սպառնում են երկրի ներքին կայունությանը։ «Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր երկրում կուտակված են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որի հետեւանքով էլ տեղի ունեցավ եւ հաղթանակեց համաժողովրդական շարժումը։ Խնդրում եմ 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան կուտակված խնդիրների լուծման քայլերը տեսանելի դարձնել ժողովրդին»,- գրել է Հարությունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG