Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանի որդին պնդում է, թե իր նամակները վարչապետին մնում են անարձագանք


Նոր իշխանությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում 5 տարի առաջ «արժեքների հեղափոխության» դուրս եկած և խուլիգանության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե նոր իշխանությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում այդ գործին:

Շահենը երեկ բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ «շատ կարճ ժամանակում կլուծվի իր հորը արժանապատվությամբ ազատ արձակելու խնդիրը»:

«Մինչև հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, հեղափոխական շարժման ընթացքում նույնպես հայտարարում էր, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է», - ասաց Շահենը՝ շարունակելով․ - «Սա առաջին նամակը չէ, բազմաթիվ նամակներ եմ հղել, բայց կրկին արձագանք չկա: Կարծում եմ, որ այսպես երկար չի կարող շարունակվել: Ինչքա՞ն կարելի դիմել և ոչ մի տեսակի արձագանք, ոչ մի տեսակի պատասխան չստանալ: Սա հենց վիրավորանք է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ»:

Նամակում Շահեն Հարությունյանը շեշտում է, որ հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի նկատմամբ ժամանակին իրականացվել է անարդար դատավարություն և կայացվել է նրա արարքին ակնհայտորեն անհամաչափ դատավճիռ․ - «Մի քանի տեղ լսել եմ, որ իբրև Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանն է հրաժարվել դուրս գալ: Նման բան չկա․ Շանթ Հարությունյանին որ մի բան չեն առաջարկել, և Շանթ Հարությունյանը ոչնչից չի հրաժարվել: Այլ խոսք, որ եթե առաջարկեն ներում, Շանթ Հարությունյանը հրաժարվելու է, որովհետև ինչի՞ համար Շանթ Հարությունյանը պետք է բանտից դուրս գա ներման համաձայն: Նա չի կատարել ոչ մի հանցանք և պետք է արդարացվի: Կամ գոնե դուրս գա բանտից այլ արժանապատիվ տարբերակով»:

Շանթ Հարությունյանը գրեթե հինգ տարի ճաղերի հետևում է և դեռ մեկ տարի էլ կմնա անազատության մեջ:

2013-ի նոյեմբերի 5-ին Հարությունյանը և նրա գաղափարակից մի քանի ընկերներ «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով երթ էին նախաձեռնել, որը սակայն ընդհատվեց Մաշտոցի պողոտայում, ոստիկանների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ: Այս գործով 14 մարդ դատապարտվեց, այդ թվում՝ նաև Հարությունյանի անչափահաս որդին:

Օգոստոսի սկզբին մի խումբ իրավապաշտպաններ նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով «հետին պլան չմղել» Շանթ Հարությունյանի ու առհասարակ քաղբանտարկյալների արդարացման գործը:

«Ազատության» հետ զրույցում խորհրդային տարիներին այլխոհության համար ազատազրկված իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ընդգծեց, որ Շանթի գործը լավ առիթ է Հայաստանում քաղբանտարկյալների թեման առհասարակ փակելու համար․ - «Երբ որ դու բաց ես անում բանտի դուռը և քաղբանտարկյալին աում ես՝ գնա տուն, դա դեռ չի նշանակում, որ փակվեց քաղբանտարկյալի թեման: Շանթ Հարությունյանի բանտում գտնվելը հենց դա է: Շանթ Հարությունյանը տուն գնալ չի ցանկանում, նա ցանկանում է արդարացում: Եվ հիմա մենք պետք է հասկանանք, կան Շանթ Հարությունյանի օրինակով գտնենք ճանապարհ, որպեսզի իշխանությունները քաղբանտարկյալների թեման փակեն: Ոչ թե քաղբանտարկյալներին ազատ արձակեն, այլ փակեն քաղբանտարկյալների թեման: Իսկ դա փակվում է մի ճանապարհով միայն՝ արդարացնել բացարձակապես բոլոր քաղբանտարկյալներին»:

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե ողջ դատավարության ընթացքում իր պաշտպանյալը պնդել է, որ անմեղ է և հետապնդվում է քաղաքական հայացքների համար: Փաստաբանն ակնկալում էր, որ նոր ստեղծված իրավիճակում վարչապետ Փաշինյանը կարող է հրավիրել գլխավոր դատախազի ուշադրությունն այս խնդրի վրա, ինչն էլ դատախազության համար հիմք կհանդիսանա՝ բողոք ներկայացնել վերաքննիչ ատյան՝ վճիռը բեկանալու և այս գործով բոլոր դատապարտվածներին արդարացնելու համար: Ե՛վ փաստբանը, և՛ իրապաշտանները պնդում են, որ սա ոչ մի կերպ չի կարելի դիտարկել որպես ճնշում դատարանների վրա:

Վարդան Հարությունյան․ - «Խորհրդային տարիների քաղբանտարկյալները արդարացվել են ոչ թե դատարաններով, այլ դատախազության գրություններով: Դա Հայաստանում այսօր տեղի չի ունենում մի պարզ պատճառով՝ կառույցները հերթով նայում են իրար, լուսամուտից նայում են դիմացի կառույցին՝ դիմացի կառույցը էդ խնդրով կզբաղվի՞, թե՞ ոչ: Փոխանակ հանձն առնեն և իրենք իրենց խնդիրը լուծեն: Կարծում եմ, որ պետք է դատախազությունը սկսի այդ գործը և շատ արագ դնի վերջակետը»:

Ի դեպ, Շանթ Հարությունյանի որդին ասաց, որ եթե այս անգամ էլ իր խնդրանքը կառավարությունն անտեսի, կդիմի այլ քայլերի՝ ակնկարկելով, որ թեժ աշուն է սպասվում, կարևոր միջոցառումներ են լինելու․ - «Հենց Նիկոլ Փաշինյանը գիտի, որ ես հայտնվում եմ այնտեղ, որտեղ որ չէր ցանկանա ինձ տեսնել ոչ մի իշխանություն: Քանի անգամ էլ Նիկոլ Փաշինյանն է ինձ ոստիկանության բաժնից ազատ արձակել»:

XS
SM
MD
LG