Փաշինյան․ Պուտինը մարդկային կապերը շատ գնահատում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը՝ համարելով, որ դա «անձնական հարաբերությունների խնդիր է»:

Ռուսաստանի նախագահի շնորհավորական ուղերձը տեղադրվել էր նրա պաշտոնական կայքում, դաշնային հեռուստալիքները հաղորդել էին լուրը: Հայաստանում քաղաքակագիտական շրջանակաները գնահատել էին, թե Պուտինն այսպես ուղերձ է հղում պաշտոնական Երևանին՝ Քոչարյանին մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու համար:

Այս առնչությամբ վարչապետն ասաց․ - «Ընդհանրապես, հասցնելով ճանաչել Ռուսաստանի Դաշնության նախագահին, ես կարող եմ ասել, որ ինքը մարդկային կապերը շատ գնահատում է և պահպանում է աշխարհի տարբեր երկրների ներկա և նախկին ղեկավարների հետ: Դուք տեսաք, որ վերջերս, չնայած Եվրամիության հետ բավականին պրոբլեմատիկ հարաբերություններ ունեն, բայց նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը, ինչը նշանակում է, որ մարդկային կապերը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունեն»:

Դիտարկմանը, որ Պուտինը տասը տարի հրապարակավ չէր շնորհավորել Քոչարյանին, վարչապետն արձագանքեց, թե ուշադրությամբ չի հետևում այդ վիճակագարությանը:

Ինքը` Փաշինյանը, Պուտինի հետ հանդիպելու է գալիք շաբաթ օրը: Հայաստանի վարչապետը փոխանցեց, որ քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների ողջ սպեկտրը՝ առանց այլ մանրամասների:

Նիկոլ Փաշինյանը կատակելով գնահատեց Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը, թե Մոսկվան մտահոգված է, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները․ - «Շոգ էր էսօր բավականին»:

Փաշինյանը հեղափոխությունից հետո չի հարցաքննվել Մարտի 1-ի գործով, բայց, ասաց, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է:

Վարչապետը ձեռնպահ մնաց քաղաքական գնահատական տալ Քոչարյանի որոշմանը մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ լինելով մեղադրյալի կարգավիճակում․ - «Բոլոր նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենքով խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ հնարավորություն կունենան մասնակցելու ընտրություններին և ցանկություն կունենան, կմասնակցեն»:

Նիկոլ Փաշինյանն այսօր նաև քաղաքապետի իր կուսակից թեկնածու Հայկ Մարությանի շուրջ սկանդալին անդրադարձավ: Դերասանը թիմակիցների հետ հանդիպմանն ասել էր, թե իրենց դեմ խաղ չկա, ընտրական պայքարը սևերի ու սպիտակների էր բաժանել՝ արժանանալով խիստ քննդատության:

Մարությանի «որոշ ձևակերպումներ էդքան էլ ճշգրիտ չեն եղել»

Վարչապետն ասաց․ - «Թյուրըմբռնում կա: Հայկ Մարությանն ինքն էլ ընդունել է, որ որոշ ձևակերպումներ էդքան էլ ճշգրիտ չեն եղել: Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն և ցանկացած քաղաքական հայտարարություն Հայաստանում պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանության մեջ: Այնպես որ, ես կարծում եմ, մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևի և սպիտակի»:

«Եթե ուզում է Շանթ Հարությունյանը լրագրողների հետ շփվել, ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում»

Չի լուծվում Շանթ Հարությունյանի ազատության հարցը: «Արժեքների հեղափոխության» գործով վեց տարվա ազատազրկման դատապարտված գործիչը չի ընդունում Փաշինյանի առաջարկը՝ փակ ռեժիմից անցնել բացի և ազատության մեջ պայքարել արդարացման համար: Շանթ Հարությունյանը պնդում է, որ նախ պետք է արադարցվի, հետո նոր դուրս գա բանտից: Նա ցանկանում է կալանավայրում մամուլի ասուլիս անցկացնել:

«Ես Արդարադատության նախարարին հանձնարարել եմ օրենքով սահմանված կարգով հնարավորություն տալ: Եթե ուզում է Շանթ Հարությունյանը լրագրողների հետ շփվել, ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում», - ասաց Փաշինյանը:

«Արմեն Սարգսյանը դեռ յոթ տարի էլ դեռ պետք է պաշտոնավարի»

Վարչապետը կտրականապես հերքում է մամուլի տեղեկությունները, թե մտադիր է պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանի օրոք նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին՝ նկատի ունենալով, որ Սարգսյանը չի ներկայացրել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը, թեև հեղափոխության օրերին Փաշինյանն ասաց, որ Արմեն Սարգսյանն իրեն ցույց է տվել այդ փաստաթուղթը: Ավելին, մամուլը գրել էր, թե նախագահի Փաշինյանի թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է:

«Եկեք աբսուրդ բաներ չխոսենք», - այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը: - «Հայաստանի Հանրապետության նախագահը ընտրվել է այս տարվա մարտին և դեռ յոթ տարի էլ դեռ պետք է պաշտոնավարի»:

«Ես չեմ որոշում, թե Ստեփանակերտի միջոցառմանը ով մասնակցի, ով չմասնակցի»

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մեկ շաբաթ առաջ էր Ստեփանակերտում՝ պատասխանելով հարցին, թե ինչու չէր մասնակցում Լեռնային Ղարաբաղի անկախության տոնակատարությանը, այնինչ Բակո Սահակյանին այդ օրն ուղեկցում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Արցախի նախագահը իր խոսքում ասաց, որ սա աննախադեպ իրավիճակ է, երբ Հայաստանի գործող նախագահը երեք ամսվա ընթացքում երեք անգամ լինում է Ստեփանակերտում: Կարծում եմ, Հայաստանի Հանրապետությունը շատ բարձր մակարդակով ներկայացված են․ ներկա էր Հանրապետության նախագահը, փոխվարչապետ, նախարարներ, Անվտանգության խորհրդի քարտուղարը, և կարծում եմ, որևէ այլ մեկնաբանություն պարզապես տեղին չէ: Հովիկ Աբրահամյանի ներկայության հարցը, կարծում եմ, պետք է ուղղել Արցախի իշխանություններին: Ես չեմ որոշում, թե Ստեփանակերտի միջոցառմանը ով մասնակցի, ով չմասնակցի»: