Մատչելիության հղումներ

Հայկ Մարությանի «սև ու սպիտակ» որակումը «ուղղված չի եղել հասարակությանը»


«Իմ քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ելույթ է ունենում թիմակիցների առջև:
«Իմ քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ելույթ է ունենում թիմակիցների առջև:

«Կան սպիտակ և սև ուժեր․․․ մեր թիմի դեմ խաղ չկա․․․», - «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի այս արտահայտությունները բուռն քննադատության են արժանացել նաև քաղաքական ուժերի կողմից:

«Իմ քայլը» դաշինքի Երևանի ավագանու անդամի թեկնածու, լրագրող Գայանե Աբրահամյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ թիմային հավաք է եղել, անկաշկանդ զրույց: Քաղաքապետի իրենց թեկնածուի խոսքում, ըստ Աբրահամյանի, սխալներ կային, բայց մասնավորապես «սև ու սպիտակ» որակումը ուղղված չի եղել հասարակությանը․ - «Հայկի խոսքում ասվում էր բացառապես քաղաքական այն ուժերին, որոնք խոչընդոտում են և որոնք բավական լուրջ խնդիր են դրել տապալելու ընտրությունները»:

Երեկվա թիմային հավաքից հետո Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ - «Ես ամենևին անթերի չեմ և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս, և, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին»։ Քաղաքապետի թեկնածուն նաև ընգծել է՝ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, և դա Հայաստանի ժողովուրդն է։

Նույն դաշինքի ավագանու թեկնածու Գայանե Աբրահամյանն ասում է, թե «մեր դեմ խաղ չկա» արտահայտությամբ Մարությանը ընդգծել է թիմի անդամների մասնագիտական պատրաստվածությունը․ - «Նախ շեշտադրվեց, թե ինչքան կարևոր և ուժեղ թիմ ունենք: Որովհետև ցուցակում ներգրավված են ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, այլ նաև քաղաքացիական տարբեր տարիների պայքարներում ներգրավված անձինք: Եվ հենց այս արժեհամակարգն էր շեշտադրվում, որ դրա դեմ չկա որևէ խաղ»:

Հայկ Մարությանի այս արտահայտությունները կոշտ քննադատության է ենթարկել Պաշտպանության նախկին նախարար, հանրապետական Վիգեն Սարգսյանը՝ նրան անվանելով «գավառական ծաղրածու»:

Ի պատասխան Գայանե Աբրահամյանն ասաց, որ իրենց համար ընդունելի չէ նախորդների սխալներով արդարացնել նաև իրենց սխալները, բայց ընդգծեց, որ ավելորդ շահարկումների դեպքում ստիպված կլինեն հիշեցնել, օրինակ, նախագահական ընտրությունների քարոզարշավին արդեն նախկին նախագահ Սերժ Սարսգյանի «ինչքան ուզեմ, կխփեմ», կամ Շարմազանովի «բոլոր թեկնածուները պետք է Մելիք-Ադամյանով անցնեն» արտահայտությունները․ - «Վիգեն Սարգսյանի՝ շատ ուղիղ վիրավորական բառամթերքով հայտարարությունը անընդունելի է: Հատկապես, երբ Վիգեն Սարգսյանը տարիներ շարունակ լռել է այն իրավիճակում, երբ ասվել է «որքան ուզեմ, կխփեմ», և ասվել է հենց իշխանություն կրող մարդու կողմից: Հայկը դեռ իշխանություն կրող մարդ չէ: Լռել տարիներ շարունակ, երբ բանակում սարսափելի իրողություններ էին տեղի ունենում և ոչ միայն․․․ Հիմա հանկարծ խոսել ժողովրդավարական արժեքներից, հիմա հանկարծ խոսել ազատ ընտրություններից և ընտրական մշակույթից, սա պարզապես չգիտեմ ինչպես որակել»:

Հասարակության միջև բաժանարար գծեր տանելը չարդարացնող Գայանե Աբրահամյանը կարծում է, որ կարևորը սխալն ընդունելն է, ինչն էլ արել է Մարությանն իր ֆեյսբուքյան հայտարարությամբ: Աբրահամյանն ասաց, թե հետագայում դա կլինի նաև աշխատանքի ընթացքում, իսկ ավագանու իրենց թիմը խստապահանջ կլինի քաղաքապետի հանդեպ:

Աբրահամյանը չկիսեց նաև «Երևանի հանրություն» նախաձեռնության Երևանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանի այն կարծիքը, թե Մարությանի հայտարարությունը թիմի մարտավարությունն է:

Թարխանյանը ասել էր․ - «Ամեն մի թիմ ունի իր ընտրված մարտավարությունը: Ես դա գնահատում եմ որպես մի մարտավարություն, որը ընտրվել է այդ թիմի կողմից: Մենք պետք է բոլորս հասկանանք, որ սև ու սպիտակ չկա հանրությունում: Կա մի հանրություն, որը բազմակարծիք է»:

«Ժառանգություն» կուսակցությունից Երևանի ավագանու թեկնածու Հովսեփ Խուրշուդյանն անդրադառնալով Մարությանի ելույթին՝ ասաց, որ եթե խոսքը վերաբերում է այն ուժերին, որոնք պատրաստվում են տապալել ընտրությունները, իրենք նույնպես նրանց համարում են սև:

Խուրշուդյանն ընդգծեց, որ Մարությանի ասածն այլ էր․ - «Էսօրվա իր մեկնաբանությունները համարենք որպես ափսոսանք երեկվա ասածների և ընդունենք դա ու շատ չխորանանք դրա մեջ․․․ Նոր Հայաստանի մայրաքաղաքն եք հավակնում ղեկավարել, և այդ առումով պետք է փորձի բոլոր բարեկամ ուժերին, բարյացակամ տրամադրված ուժերին առնվազն չվանել իրենցից»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց հարցազրույցից՝ ասելով, թե իր պատասխանը ֆեյսբուքյան էջում տեղադրած լուսանկարն է, որում սև ու սպիտակ ձիեր են պատկերված:

Դաշնակցության քաղաքապետի թեկնածու Արսեն Համբարձումյանը «Քաղաքացիական պայմանագրին» խորհուրդ է տալիս անդրադառնալ Հայկ Մարությանին փոխարինելու հարցին:

«Լույս» դաշինքից Դավիթ Խաժակյանը փոխանցեց, որ իրենք չեն մեկնաբանելու Մարությանի խոսքերը:

XS
SM
MD
LG