Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունները տեղի են ունենալու Մոսկվայում, սեպտեմբերի 8-ին: Այս մասին ռուսական «Իզվեստիա» պարբերականին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ ՌԴ նախագահի հետ առաջիկայում նախատեսված հանդիպման մասին հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երեկ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) առաջին կուրսեցիների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Մոսկվայի համար կարևոր է լսել Հայաստանի ղեկավարի կարծիքն այն մասին, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և ինչ զարգացումներ են սպասվում: Ավելի վաղ Լավրովը դժգոհություն էր հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ ակնարկելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առնչվող քրեական գործի հարուցումը:
«Իզվեստիա» թերթն ընդգծում է՝ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն արդեն երրորդ անգամ է հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Առաջին անգամ նրանք հանդիպել էին մայիսի 14-ին Սոչիում, Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում: Երկրորդ հանդիպումը կայացել էր հուլիսի 13-ին Մոսկվայում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ։ Երկու հանդիպումներն էլ, ըստ էության, կարճատև էին, կայացած տարբեր հավաքների շրջանակում: Շաբաթ օրը, սեպտեմբերի 8-ին սպասվող հանդիպումը, փաստորեն, լինելու է երկու երկրների ղեկավարների առաջին լիարժեք գագաթնաժողովը:
Հանդիպման պաշտոնական օրակարգը դեռևս կողմերը չեն հրապարակել, սակայն շատերը կանխատեսում են, որ առանցքային են լինելու ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի անդամակցության ու ստանձնած պարտավորությունների հետ կապված հարցերը: Երեկ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը բարձրաձայնել էր այս հարցը, ընդգծելով՝ Մոսկվայում կարևորում են հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է կատարել իր պարտավորությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, դրանով իսկ նպաստելով միության հեղինակության ամրապնդմանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված վիճակն ավելի վաղ պաշտոնական Մոսկվան քննարկել է ՀԱՊԿ անդամներ Ղազախստանի և Բելառուսի ղեկավարների հետ։ Չնայած վերջինիս առնչվող քրեական գործի հարուցմանը, նա վերադարձել է Մոսկվա և շարունակում է կատարել կազամկերպության գլխավոր քարտուղարի պարտականությունները:
Ըստ որոշ դիտարկումների, Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպմանը կարող է անդրադարձ կատարվել նաև ՀԱՊԿ-ին Արդբեջանի հնարավոր անդամակցության հարցին: Նման հեռանկարի մասին վերջերս հայտարարել էր Ադրեբջանի Միլլի Մեջլիսի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալի Հուսեինլին: Վերջինս ասել էր, թե եկել է ժամանակը, որ Ադրբեջանը քննարկի ՀԱՊԿ-ին միանալու կամ գոնե կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը։
Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպմանը նախորդել են Պուտին-Ալիև՝ Սոչիում 1 շաբաթ առաջ անցկացված բանակցությունները, որոնց արդյունքով ստորագրվել են տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք համաձայնագրեր։ Անդրադարձ էր եղել նաև ԼՂ խնդրին: Նախագահների երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին Ալիևը հիշեցրել էր, որ վերջին տարիներին Ադրբեջանը Ռուսաստանից շուրջ հինգ միլիարդ դոլարի սպառազինություն է գնել, և համագործակցությունն այդ ոլորտում շարունակվում է: