«Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ այս պահին գտնվում է պատգամավոր Մանվել Գրիգորյանը, այսօր հրաժարվեցին տեղեկատվություն տրամադրել գեներալի առողջական վիճակի ու կատարված հետազոտությունների մասին։
Էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ Լուսինե Մամիկոնյանը փոխացեց՝ քանի որ Գրիգորյանը ստացիոնար բուժման է տեղափոխել դատաբժշկական փորձաքննություններ անելու նպատակով, իրենք ոչինչ ասել չեն կարող։
Երեկ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանը «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին, որ իրենց վարույթում գտնվող քրեական գործի շրջանակում նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն՝ նրա առողջական վիճակը պարզելու նպատակով։
Առավոտյան Գրիգորյանի փաստաբաններն արդեն այցելել էին իրենց պաշտպանյալին։ «Ազատության» հարցին՝ ինչպես է կալանավորված պատգամավորի ինքնազգացողությունը, փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնեց՝ գեներալը գրեթե ուժասպառ է եղել, քանի որ հետազոտություններն է՛լ ավելի են վատթարացրել նրա վիճակը։ - «Ես տեսել եմ իմ պաշտպանյալին երեք օր առաջ, և հիմա եմ տեսնում՝ ուղղակի վատթարացում, անգամ ի վիճակի չէ՝ երկու բառ խոսելուց հետո երրորդ բառը արդեն դժվարանում է խոսել, սկսած՝ հևոցը և մնացյալը», - պատմեց փաստաբանը:
Թեև դատաբժշկական համալիր փորձաքննությունը նշանակվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից, սակայն քաղաքացիական հիվանդանոց ուղեգրումը իր մեջ չի ներառել բուժման թեկուզև կարճատև կուրս, ասում է փաստաբանն ու հավելում՝ դա կարող էր նպաստել Գրիգորյանի առողջական վիճակի կայունացմանը։
Բաղդասարյանը սա դասական խոշտանգում է որակում ու նշում, որ Հայաստանում շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները։
«Բացարձակ բժշկությունը մատը մատին չտվեց, որպեսզի նաև առողջության վատթարացման հետ կապված որոշակի բժշկական գործողություն կատարի», - հայտարարեց Գրիգորյանի պաշտպանը՝ հավելելով․ - «Մեկ անգամ ևս փաստում եմ, որ այսօր իրավունքը, որպես գերակա նորմ, ստորադասված է և զուտ տառակերությամբ զբաղվելով ուղղակի դասական խոշտանգում է տեղի ունենում պաշտպանյալի նկատմամբ»:
Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ մեղադրվող Գրիգորյանը թե դեռ որքան կմնա հիվանդանոցում, Բաղդասարյանը դժվարանում է ասել։ Բայց տեղեկացել է՝ հետազոտությունները գրեթե 100 տոկոսով ավարտված են։
Գեներալի մյուս պաշտպան Արսեն Մկրտչյանն էլ ասում է՝ այս հետազոտությունները զուտ ֆորմալ բնույթ ունեն, քանի որ արդեն իսկ ապացուցված է՝ գեներալն անբուժելի հիվանդ է։ Նա ունի թոքերի քաղցկեղ, տառապում է շաքարային դիաբետով, արյան ճնշումն անկայուն է, իսկ դրանք անհամատեղելի են կալանքի հետ․ - «Եթե քաղաքական այլ ազդեցություններ չլինեն, եթե լինի օբյեկտիվ, նորմալ քննությունը, իմ կարծիքով Մանվել Գրիգորյանը արդեն պիտի ազատ արձակված լիներ, ուղղակի ձգձգվեց զուտ այս փորձաքննությունը»:
Հունիսի 19-ից կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված «Ազատությունը» զրուցեց նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ։ Կառույցի հանրային կապերի բաժնից փոխանցեցին, որ «Կենտրոն» քրեակատարողականում Գրիգորյանը գտնվել է բժիշկների հսկողության տակ և ստացել է անհրաժեշտ դեղորայք։
Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, իսկ դրանցից որոշներում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։
Փաստաբան Լևոն Բաղադասարյանը «Ազատությանն» այսօր նաև տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում են բողոքարկել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու առաջին ատյանի դատարանի որոշումը։