Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը հուլիս 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2017 թվականի մայիսին տեղի ունեցած ավագանու ընտրությունները անցել են բազմաթիվ խախտումներով, բռնության բազմաթիվ դեպքերով,նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս ավագանին որպես քաղաքային իշխանություն այլևս չի արտացոլում իրական ուժերի վերաբաշխվածությունը, «Ելք» դաշինքը քայլ է կատարում ուղղված ավագանու արտահերթ ընտրություններին», ֊ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Հարցին, թե արդյո՞ք հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին «Ելք»-ը կսատարի քաղաքապետի առայժմ միակ թեկնածու, «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, Խաժակյանը արձագանքեց՝ «Ելքը» չի պատրաստվում մասնակցել հուլիսի 16-ի ավագանու արտահերթ նիստին և այդ օրը քաղաքապետ չպետք է ընտրվի․ ֊ «Մեր առաջադրում չկատարելը ոչ թե պայմանավորված է սեփական թեկնածու չունենալով, այլ արտահերթ ընտրությունների գնալու քաղաքական որոշմամբ, որի տրամաբանության մեջ որևէ քվեարկություն չի մտնում, հակառակը, դրանից բխում է, որ ամսի 16-ին քաղաքապետ չպետք է ընտրվի»։
Արտահերթ ընտրությունների ջատագով «Ելք»-ը անհրաժեշտություն է համարում ներկայիս ավագանու արձակումը։ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց՝ եթե հուլիսի 16-ին Հանրապետականը «դավադրաբար» առաջադրում չկատարի, ապա ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերի առաջին կեսին։
«Հույս ունեմ, որ Հանրապետական կուսակցությունը չի փորձի քաղաքում պահել իր իշխանությունը և չեն շարունակի իրենց սաբոտաժը», ֊ հավելեց «Ելք»֊ի ներկայացուցիչը:
Յոթ տարի Երևանը ղեկավարած հանրապետական քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսին 9-ին հայտարարեց իր հրաժարականի մասին՝ առանց բացատրելու որոշման դրդապատճառը:
Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանն «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց, որ իրենց խմբակցությունը դեռևս չի քննարկել թեկնածու առաջադրելու հարցը, իսկ ավելի վաղ Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը «Ազատությանը» փոխանցել էր, որ թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցով խմբակցության նիստը ամենայն հավանականությամբկկայանա կիրակի օրը։
Երեկ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը Զարուհի Փոստանջյանին Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրեց։ Քաղաքապետի արտահերթ ընտրությունները հուլիսի 16-ին են նշանակվել։
Զարուհի Փոստանջյանն առայժմ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է։
«Երևանի մասին» օրենքը նախատեսում է, որ քաղաքապետի հրաժարականից հետո երրորդ աշխատանքային օրը գումարվում է ավագանու նիստ, որի ընթացքում նշանակվում է արտահերթ ընտրության օր՝ առավելագույնը մեկամսյա ժամկետում։ Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրում են ավագանու խմբակցությունները, ընտրությունը կատարում է ավագանին իր շարքերից։ Եթե քաղաքապետի հրաժարականից հետո գումարված նիստում կամ դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, կառավարությունն իրավունք ունի կրճատել գործող ավագանու լիազորությունները կամ ցրել ավագանին: Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: