Այսօր Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը Զարուհի Փոստանջյանին Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրեց։ Քաղաքապետի արտահերթ ընտրությունները հուլիսի 16-ին են նշանակվել։
Ավագանու Հանրապետական և «Ելք» խմբակցությունները դեռևս թեկնածու չեն առաջադրել։ Զարուհի Փոստանջյանն առայժմ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է:
Փոստանջյանն այսօր հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե չեն բացառում, որ «Ելք»-ը քաղաքապետի թեկնածու չառաջադրի, այդ հարցը դեռ քննարկվում է. - «Քննարկումը հավասարապես գնում է և՛ առաջադրման մասով, և՛ թեկնածուների փնտրտուքով։ Հասկանալի է, որ ավագանին այսպես թե այնպես պետք է լուծարվի այս տարվա մեջ, բայց ժամկետները կախված են հենց այդ առաջադրելու կամ չառաջադրելու սկզբունքից»։
«Երևանի մասին» օրենքը նախատեսում է, որ քաղաքապետի հրաժարականից հետո երրորդ աշխատանքային օրը գումարվում է ավագանու նիստ, որի ընթացքում նշանակվում է արտահերթ ընտրության օր՝ առավելագույնը մեկամսյա ժամկետում։ Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրում են ավագանու խմբակցությունները, ընտրությունը կատարում է ավագանին իր շարքերից։ Եթե քաղաքապետի հրաժարականից հետո գումարված նիստում կամ դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, կառավարությունն իրավունք ունի կրճատել գործող ավագանու լիազորությունները կամ ցրել ավագանին: Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:
Հարցին, թե արդյոք «Ելք»-ը կսատարի «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, Խաժակյանը պատասխանեց, թե իրենց դիրքորոշումը կապված է արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակահարմարության հետ. - «Եթե մենք համարենք, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, մենք թեկնածու չենք առաջադրի և գուցե նաև քվեարկությանը չմասնակցենք։ Եթե որոշենք, որ պետք չեն արտահերթ ընտրություններ այս ժամկետին, կունենանք սեփական թեկնածուին։ Եվ այս հաշվարկների մեջ տիկին Փոստանջյանը որևէ կերպ չի տեղավորվում»:
Հանրապետականների կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրելը Խաժակյանն անընդունելի է համարում՝ հավելելով․ - «Հանրապետականների իշխանության էջը փակված է»:
Յոթ տարի Երևանը ղեկավարած Հանրապետական քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսին 9-ին հայտարարեց իր հրաժարականի մասին՝ առանց բացատրելու որոշման դրդապատճառը:
«Ցանկացած առաջադրում դա ավելի շատ ջուրը պղտորելու նման մի բան կլինի, քան քաղաքական հավակնություն։ Քաղաքական հավակնությունները ես նորմալ եմ գնահատում, բայց սաբոտաժն ու մտադրված վնաս տալը ես սխալ եմ համարում», - նշեց Խաժակյանը։
Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը դեռևս չի քննարկել թեկնածու առաջադրելու հարցը․ - «Առ այս պահը ոչ մի հանդիպում, ոչ մի խորհրդակցություն, ոչ մի քննարկում, ոչ մի խոսակցություն չի եղել։ Ավագանու նիստը ավարտվեց, որոշվեց՝ 16-ին ամեն մի ֆրակցիա պիտի առաջարկի իր թեկանծուին, և բոլորս ցրվեցինք եկանք։ Որևէ խոսակցություն չի եղել, ամենայն անկեղծությամբ։ Եվ չեն էլ ասել՝ ե՞րբ ենք հավաքվելու, ի՞նչ է լինելու»:
Ավագանու Հանրապետական խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանն «Ազատությանը» փոխանցեց, որ թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցով խմբակցության նիստը կկայանա հաջորդող երկու օրերի ընթացքում։