Հուլիսի 16-ին, ժամը 11-ին տեղի կունենա Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը։
Սա, նկատենք, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի առաջարկն էր։
«Կողմ՝ 34, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 1, առաջարկն ընդունված է», - հայտարարեց Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստը վարող Կամո Արեյանը:
Մինչդեռ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկում էր ընտրությունն անցկացնել օգոստոսի 8-ին, սակայն այս առաջարկը մերժվեց՝ 34 դեմ, 15 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Դավիթ Խաժակյանը նշեց, որ եթե քաղաքապետի թեկնածու չառաջադրվի, ապա ավագանու նոր ընտրությունները պետք է անցկացվեն օգոստոսին, ինչը անբարենպաստ է քարոզարշավի համար, ինչպես նաև ընտրական գործընթացը կազմակերպելու տեսանկյունից շատ բարդ է:
Խաժակյանը զգուշացրեց՝ փորձ է արվում վտանգի տակ դնել ընտրական գործընթացի անցկացումը։ «Սա սաբոտաժ է պետության դեմ, և ունենք լծակներ դրանք շրջանցելու համար», - շեշտեց ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական տվեց։
Երևանի մասին օրենքը նախատեսում է, որ քաղաքապետի հրաժարականից հետո երրորդ աշխատանքային օրը գումարվում է ավագանու նիստ, որի ընթացքում նշանակվում է արտահերթ ընտրության օր՝ առավելագույնը մեկամսյա ժամկետում։ Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրում են ավագանու խմբակցությունները, ընտրությունը կատարում է ավագանին իր շարքերից։
Սակայն ՀՀ կառավարությունն իրավունք ունի կրճատել գործող ավագանու լիազորությունները կամ ցրել ավագանին, եթե քաղաքապետի հրաժարականից հետո գումարված նիստում կամ դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ: