Բաղրամյան 26-ը առաջիկայում նորից դառնալու է Նախագահի նստավայրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, թե հրաժարվելու է Բաղրամյան 26-ի նստավայրից՝ տեղափոխվելով Հանրապետության հրապարակ, Կառավարության գլխավոր մասնաշենք:

«Պետք է հարցերին ոչ թե անձնավորված մոտեցումներ ցուցաբերել, այլ ինստիտուցիոնալ մոտեցումներ: Եվ կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից, և այդ նստավայրը մենք ժամանակի ընթացքում կվերադարձնենք Նախագահի աշխատակազմին, ինչպես նախկինում եղել է», - Կառավարության այսօրվա նիստում ասաց Փաշինյանը:

Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետով պաշտոնավարման ավարտին, երբ Հանրապետականներն արդեն չէին հերքում, որ հենց Սարգսյանն է դառնալու վարչապետ՝ խորհրդարանական համակարգում ևս ստանձնելով երկրի ղեկը, հայտնի դարձավ, որ Բաղրամյան 26-ը վերածվելու է վարչապետի նստավայրի, իսկ նախագահ Արմեն Սարգսյանի համար իշխանությունները հատկացրեցին Մաշտոցի փողոցում գտնվող Կառավարության ընդունելությունների տունը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, տաօրինակ է, որ վարչապետը երկու նստավայր ունի․ - «Նաև որոշակի կարծիքներ են հնչում, որ մենք Կառավարությունում հայտնվելով մոռանում ենք, թե ինչն ենք քննադատել: Ամենևին այդպես չէ․ այն, ինչ քննադատել ենք, էդ քննադատածը մենք ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք: Ես փաստացի աշխատում եմ Կառավարությունում, և դա նաև հարմար է»:

Մինչև դա պետք է կարգավորվեն արարողակարգային հարցեր և թե որտեղ է տեղակայվելու վարչապետի աշխատակազմը, որն այժմ Բաղրամյան 26-ում է․ - «Նոր Սահմանադրությամբ վարչապետն է պետության ղեկավարը, և արարողակարգային որոշակի պարտականություններ կան, որոնք կապված են շենքային պայմանների հետ: Մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչպես ենք այդ խնդիրը լուծելու, և ի վերջո, այս հարցը առաջիկա հնարավորինս կարճ ժամանակաշրջանում կլուծենք»:

Կառավարության նիստի մեկնարկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, «Ազատության» հարցին պատասխանելով, ասաց, թե Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքերը օրինական են․ - «Մենք ի սկզբանե չգիտեինք՝ զենքը օրինական է թե ոչ: Բայց այն, որ մենք տեղեկություն էինք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանի մոտ և հետևի երկրորդ մեքենայի մեջ կան զենքեր, դա փաստ է: Եվ այդ փաստը ստուգելու համար մենք ներկայացրեցինք ոստիկանություն, որտեղ ստուգեցինք: Այո, այդ զենքերը օրինական են, և հիմա փորձաքրեագիտականում են, անցնում են համապատասխան փորձաքննություն»:

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը մի քանի ժամ անցկացրեց ոստիկանական բաժանմունքում ու ազատ արձակվեց: Իրավապահները նրան բերման էին ենթարկել Սայաթ-Նովա փողոցից՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով:

«Սաշիկ» մականունուվ հայտնի 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանը 2003 -2011 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, հայտնվել աղմկահարույց պատմություններում, մամուլը նրա անունը կապում է բազմաթիվ բիզնեսների հետ:

«Ազատության» հարցին, թե արդյոք ենթարկվել է որևէ ճնշման Ալեքսանդր Սարգսյանին ազատ արձակելու հարցում, Օսիպյանն արձագանքեց․ - «Ես իմ գործառույթները իրականացնում եմ Հայաստանի Հանրապետության սահմանադրության համապատասխան: Ինձ որևէ ցուցում, որևէ հրաման․․․ կարծում եմ, դա խելացի չի, որ որևէ մեկը․․․ Ես օրենքի շրջանակում եմ ցանկացած գործողություն իրականացնում»:

Երեկ Հատուկ քննչական ծառայություն է ներկայացել ու ձերբակալվել Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, իրավապահները նրան փնտրում էին հունիսի 25-ից: Հարցին, թե արդյոք քննիչը կմիջնորդի կալանավորել գեներալի կնոջը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն պատասխանեց, որ դա Նազիկ Ամիրյանից է կախված․ - «Այս պահին չեմ կարող ասել հստակ: Դա կախված է նաև Նազիկ Ամիրյանի հետագա վարքագծից նախաքննության ընթացքում»:

Նազիկ Ամիրյանը կասկածվում է միայն անհայտ աղբյուրից ապօրինի մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք ձեռք բերելու և ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի հետ իրենց տարածքներում ապօրինի պահելու մեջ: Այնինչ ոստիկանությունը հայտարարել էր, որ ամուսնու կալանավորումից հետո Նազիկ Ամիրյանը հանձնարարել է Երկրապահ կամավորականների միության գրասենյակից «Զինվորի բաժին» գրառմամբ մոտ 3000 հատ մսի պահածոներ տեղափոխել այլ վայր:

Սասուն Խաչատրյանն ասաց․ - «Այդ մասով նախաքննությունը բավարար ապացույցներ եթե ունենար ձերբակալման հիմքում նաև դա կնշվեր: Պետք է լինի ապացույցների բավարար համակցություն»:

Ոստիկանապետը, այդուհանդերձ, պնդում է, որ իրենք ունեն ապացույցներ, որ Նազիկ Ամիրյանը մսի պահածոներ տեղափոխելու ցուցում է տվել․ - «Այդպես է եղել: Ես պնդում եմ: Համապատասխան բացատրություններ, ցուցմունքներ կան, որտեղ մենք տեղեկություններ ենք ստացել, որ այո, հենց տիկին Նազիկի ցուցումով են փորձել տեղափոխումն իրականացնել»:

Հատուկ քննչական ծառայությունը Մանվել Գրիգորյանի գործը առաջիկա երկու ամսում դատարան չի ուղարկի․ ծավալը մեծ է, չեն հասցնի ավարտել նախաքննությունը: