Մատչելիության հղումներ

Ապօրինի զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է Նազիկ Ամիրյանը


ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 27-ին ձերբակալվել է նույն օրը նախաքննական մարմին ներկայացած Նազիկ Ամիրյանը:

Ամիրյանը կասկածվում է անհայտ աղբյուրից ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք ձեռք բերելու և Մ. Գրիգորյանի հետ իրենց հաշվառման և փաստացի բնակության հասցեում` Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 46 տանն ու հանգստի գոտի ծառայող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ վարչական շենքերում ու հարակից տարածքներում ապօրինի կերպով պահելու մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ Նազիկ Ամիրյանի ամուսինը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը,​ ձերբակալվեց հունիսի 16-ին, ապա երկու օր անց կալանավորվեց։ Ըստ Հատուկ քննչական ծառայության, նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք է բերել և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։

Իրավապահների հաղորդմամբ, մեծ քանակությամբ ապօրինի ռազմամթերք են գտել Գրիգորյանի Արշալույս գյուղի առանձնատներում։ Պատգամավորի Լեռնային Ղարաբաղում գտնվող առանձնատանն էլ հայտնաբերել են մեծ քանակությամբ ինքնաձիգի փամփուշտներ: Նույն առանձնատանը նաև «Զինվորի բաժին» մակագրությամբ մսի պահածոներ էին հայտնաբերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG