Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի որդուն՝ Կարեն Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեղադրանք է առաջադրել Էջմիածնի՝ օրերս հրաժարական տված քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանին: ՀԾՔ-ն նաև որոշել ձերբակալել գեներալի կնոջը․ ոստիկանությանը հանձնարարվել է հայտնաբերել Նազիկ Ամիրյանին:

Ինչպես «Ազատության»-ը փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից, Գրիգորյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Կարեն Գրիգորյանը և հայրը՝ կալանավորված Մանվել Գրիգորյանը յուրացման եղանակով հափշտակել են բանակին նվիրաբերված «ՈՒԱԶ» մակնիշի երեք ավտոմեքենաներ, դրանք տնօրինել իրենց հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար:

«ՈՒԱԶ» մեքենաները, ջերմադիտարկման սարքեր և զինվորական հանդերձանք ապրիլյան պատերազմի օրերին Ռուսաստանում գնել և Հայաստան են տեղափոխել «Ռուսաստանի հայ համայնքի» շրջանային հասարակական կազմակերպության անդամները: Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ բարերաները մեկնել են Լեռնային Ղարաբաղ ու նվերը հանձնել Կարեն և Մանվել Գրիգորյաններին՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին հատկացնելու նպատակով: Գրիգորյանները, սակայն, ըստ պաշտոնական հաղորդագրության, մեքենաները Ղարաբաղից տարել են Էջմիածին:

Կարեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Այվազյանը հրաժարավեց հանդես գալ մեկնաբանությամբ, միայն հաստատեց նախկինում արած իր հայտարարությունունը, թե անձամբ է տեսել, որ «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում՝ զինված ուժերում․ - «Էն մեքենաները, որ ես եմ տեսել, հաստատ ծառայել են»:

Հիշեցնենք՝ Կարեն Գրիգորյանն առանց որևէ բացատրության հրաժարական տվեց հոր մասին Ազգային անվտանգության ծառայության տեսանյութի հրապարակումից ժամեր անց, նա ֆեյսբուքում գրել էր․ - «Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»:

Ավելի վաղ նա հայտարարում էր, թե իր հրաժարականի հիմքեր չկան, ի պաշտպանություն իրեն ցույցեր էր կազմակերպում Էջմիածնում՝ ընդդեմ իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների:

Էջմիածնի փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանը մամուլից էր իմացել, որ տասը տարուց ավելի Էջմիածինը ղեկավարած, դրանից առաջ էլ որպես փոխքաղաքապետ աշխատած 39-ամյա Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել:

«Ինձ համար իսկապես անսպասելի էր: Նոր իմացա, որ այդպիսի բան եղել է: Ով ինչ արել է, թող պատասխան տա: Ես դրա կողմնակիցն եմ: Հնարավոր է, որ արել ա, ես չգիտեմ: Որովհետև քաղաքապետարանը ու Ձեր ասած գործողությունները դրանք տարբեր ստրուկտուրաներ են: Ինչ որ ասում եք, կապված է Երկրապահի հետ: Հնարավոր է, որ տվել են մեքենաները, ես չգիտեմ: Ե՛վ հարված էր քաղաքապետարանին, և՛ Էջմիածնին, և՛ մեր Էջմիածնի վարկին: Շատ մեծ հարված էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց փոխքաղաքապետը:

Անդրադառնալով տարիներ շարունակ քաղաքում հնչող ահազանգերին, թե վախի մթնոլորտ է, գեներալն ու իր որդիները ահաբեկում են էջմիածինցիներին, զբաղված են թալանով՝ փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանն ասաց՝ չլիներ իշխանափոխություն, այս ընտանիքը չէր պատժվի․ - «Միշտ էլ իմացել ենք, միշտ էլ ասել ենք, բայց դա միշտ հովանավորվել է բարձր ղեկավարության կողմից: Եթե չլիներ Ազգային անվտանգության ծառայության էս գործողությունները, չեմ կարծում, որ Էջմիածնում որևէ մեկը կարող էր մի բան ասել և անել: Եթե չլիներ թավշյա հեղափոխությունը, սա նույնպես շարունակվելու էր»:

Ինչ վերաբերում է Նազիկ Ամիրյանին, ապա օրեր առաջ, երբ Գլխավոր դատախազը ներկայացնում էր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հիմքերը, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ գեներալը ապօրինի զենքը նաև կնոջ և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ է պահել: Բացի այդ, ոստիկանությունը հայտարարել, որ Նազիկ Ամիրյանը հանձնարարել էր ԵԿՄ գրասենյակից «Զինվորի բաժին» գրառմամբ մոտ 3000 հատ մսի պահածոներ տեղափոխել այլ վայր:

XS
SM
MD
LG